211652_close_icon
views-count1912 դիտում article-date 15:25 12-07-2024

Փոխհատուցում ստանալու են այն անձինք, որոնք անշարժ գույքը ձեռք են բերել օրինական եղանակով. Ներքին գործերի նախարարի տեղակալ

«Կառավարության կողմից ընդունվել է փոխհատուցման կարգ՝ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների արդյունքում ֆիզիկական անձանց պատճառված վնասի մասով: Ընդ որում, այս որոշմամբ կառավարությունը կարգավորել է երկու կենսական նշանակության վնասների փոխհատուցման հետ կապված հարաբերությունները: Առաջինը բնակելի տարածքի բարեկարգմանն ուղղված վնասների փոխհատուցումն է, երկրորդը՝ կենցաղային առաջնային գույքի փոխհատուցումը»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Նրա խոսքով, առաջին խմբի մեջ նույնականացրել են թե բազմաբնակարանները, եւ թե անհատական բնակելի առանձնատները, որոնք եւս հեղեղումների արդյունքում վնասներ են կրել, բացի դրանից՝ սրա հետ փոխկապակցել են կենցաղային առաջնային գույքի վնասների հետ կապված փոխհատուցումը:

«Նույնականացրել ենք, թե ովքեր են այս կարգի իմաստով շահառու: Այսինքն՝ ովքեր են վնաս կրել եւ կարգի սկզբունքներին համապատասխան պետք է փոխհատուցում ստանան: Մեզ համար կարեւոր էր այս սկզբունքի ամրագրումը առ այն, որ կարգի իմաստով փոխհատուցում ստանալու են սեփականության իրավունք ունեցող անձինք, այսինքն` այն իրավատերերը, որոնք անշարժ գույքը ձեռք են բերել ցանկացած օրինական եղանակով»,-ասաց ներքին գործերի նախարարի տեղակալը:

Միեւնույն ժամանակ նշեց, որ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ չեն պահանջելու Կադաստրի պետական կոմիտեում իրավունքի պետական գրանցման պարտադիր առկայություն, բավարար է, որ քաղաքացիները ներկայացնեն հիմնավոր իրավական տեղեկատվություն այն մասին, որ իրենք օրինական կարգով ձեռք են բերել անշարժ գույքը, օրինակ` կարող է դատական կարգով հաստատված լինել անձի սեփականության իրավունքը, բայց անձը հասցրած չլինի կադաստրի կոմիտեում գրանցել իր իրավունքը: Ըստ նախարարի տեղակալի, կամ կարող է լինել նաեւ ժառանգության վկայագիր, սակայն դեռեւս պետական գրանցում իրականացված չլինի:

Փոխհատուցման 60 տոկոսն իրականացվելու է անկանխիկ եղանակով: Հուլիսի 13-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ քաղաքացիները կարող են դիմել փոխհատուցում ստանալու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր