211652_close_icon
views-count1081 դիտում article-date 10:04 01-08-2024

Երևանն ու Բաքուն երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղության պայմանագրին, միակ խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Ալիևի հատուկ ներկայացուցիչ

Հայաստանը և Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի վերջնական ձևակերպման հարցում. այս մասին Հադսոնի ինստիտուտում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ասել է այցով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նրա խոսքով՝ կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղության պայմանագրին։

«Երկու երկրների համար էլ պատմական հնարավորություն է ստեղծվել՝ փակելու թշնամության էջը, փոխելու հարավկովկասյան տարածաշրջանի լանդշաֆտը, այն վերածելու բարիդրացիության, խաղաղության և կայունության տարածաշրջանի։ Այս գործընթացը վաղուց է ընթանում։ Միջնորդության շուրջ բանակցությունները շարունակվում են շուրջ 30 տարի։ Սակայն անցյալ տարվա դեկտեմբերին երկու երկրներն էլ որոշեցին, որ բանակցությունների վարման և ավարտին հասցնելու ամենաարդյունավետ և խոստումնալից ձևաչափը երկկողմ և ուղիղ ձևաչափն է։ Այդ ժամանակից ի վեր զգալի առաջընթաց է արձանագրվել, այդ թվում՝ փոխվստահության հաստատման և որոշակի գործընթացների շարունակման, այդ թվում՝ դիվանագիտական աջակցության փոխանակման, որոշ կալանավորների ազատ արձակման և սահմանների սահմանազատման ուղղությամբ գործնական աշխատանքի մեկնարկի բնագավառում», - նշել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը։

Ամիրբեկովը հավելել է, որ, նայելով սեղանին դրված խաղաղության համաձայնագրի տեքստին, կարելի է ասել, որ կողմերը շատ մոտ են դրա շուրջ աշխատանքներն ավարտելուն։

Խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետների մասին՝ Ամիրբեկովը նշել է, որ դա մեծապես կախված է լինելու հայկական կողմի պատրաստակամությունից՝ վերացնելու միակ մնացած խոչընդոտը՝ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ:

«Խաղաղության համաձայնագրի տեքստի մեծ մասը համաձայնեցված է։ Մնացած բոլոր հարցերը կարող են լուծվել, բայց մենք չենք կարող ավելի հեռուն գնալ և խաղաղության պայմանագիր կնքել՝ աչք փակելով այս հակամարտության բուն էկզիստենցիալ պատճառի վրա, այն է՝ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ։ Մենք դեռ վստահ չենք Հայաստանի իշխանությունների անկեղծությանը, երբ նրանք ասում են, որ հրաժարվել են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, քանի որ ակնհայտ հակասություն կա նրանց պաշտոնական հրապարակային հռետորաբանության և սահմանադրական և իրավական դաշտի հետ առկա իրավիճակի միջև։ Այս հակասությունը պետք է լուծվի, որպեսզի ճանապարհ բացվի դեպի հնարավոր խաղաղություն», - ասել է նա:

Նրա պնդմամբ՝ վստահության ամրապնդման միջոց կարող է լինել Զանգեզուրի միջանցքի բացումը, որն անհրաժեշտ է ոչ այնքան Ադրբեջանին, որքան Հայաստանի:

Ըստ Ամիրբեկովի, միջանցքի բացումը կարող է փոխել խաղի կանոնները ողջ տարածաշրջանի համար:

«Սա շահեկան ծրագիր է: Հայաստանի կառավարությունը շատ է խոսում համաշխարհային խաչմերուկի նախագծի մասին. Կարծում եմ, դրա իրականացման միակ ճանապարհը Հայաստանին թույլ տալն է բացել իր չորս սահմաններից երկուսը Ադրբեջանի և Թուրքիայի հետ», - եզրափակել է Ամիրբեկովը:

Նմանատիպ նյութեր