211652_close_icon
views-count26216 դիտում article-date 12:55 05-08-2024

Արդեն տևական ժամանակ է՝ Աբովյանի «Գայի պոստի» մոտ ցուցանակը տապալված է, իսկ Կոտայքի ճանշինը «ջայլամի կեցվածք է ընդունել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺՙ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ վերջին տարիներին Հանրապետությունում ավտոճանապարհներին ավելացել են երթևեկությունը կարգավորող ցուցանակները, դա փաստ է, և այդ ցուցանակների շնորհիվ բազմաթիվ վթարներ են կանխվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 1 շաբաթից ավելի է՝ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստի»՝ հիմա արդեն Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի կողմից օգտագործվող անշարժ պահակակետի դիմաց, ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը պոկված ու ընկած է, իսկ տեղի ճանշինը կամ «ուղտի ականջում քնած է», կամ «ջայլամի կեցվածք է ընդունել»:

Ճանապարհը սպասարկում է Կոտայքի ճանշինը և մեր տեղեկություններով՝ 10 օրից ավելի է՝ այդ վիճակն է, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակից մի քանի անգամ Կոտայքի ճանշինին տեղեկացրել են, որպեսզի խնդիրը գան և լուծեն, սակայն նշված ճանշինից չեն բարեհաճում, կամ էլ նրանց համար միևնույն է, որ այդ տապալված նշանը հնարավոր է՝ ավտովթարների, այդ թվում՝ ողբերգական, պատճառ դառնա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պետք է խիստ միջոցներ ձեռնարկի, որպեսզի թե՛ Ճանապարհային դեպարտամենտը, թե՛ նման ճանշինները դուրս շպրտվեն՝ իրենց թերի աշխատանքի կատարման համար, փոխարենը կգան ավելի սրտացավ ու աշխատանքները իդեալական կատարող մարդիկ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր