211652_close_icon
views-count38001 դիտում article-date 18:55 05-08-2024

Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. Ազատամուտ գյուղում՝ Աղստև գետի վրա կառուցված Պլատինում տարածքից դուրս է բերվել ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը. մյուսին որոնում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատամուտ բնակավայրին հարակից Պլատինի մոտ գտնվող ջրանցքում քաղաքացիներ են ջրահեղձ եղել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը և ոստիկանության Իջևանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատրյանը:

Ժամանել է նաև Տավուշի մարզի դատախազի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար Սարգսյանը:

Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության և Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ վարչության պետ Փիրումյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչներ 33-ամյա Հայկ Է.-ն և 34-ամյա Աբգար Բ.-ն Կրիվոյ կոչվող տարածքում՝ Աղստև գետի վրա կառուցված «Պլատինում»-ում ձուկ բռնելու և լողալու ժամանակ ջրահեղձ են եղել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած Սևանի ջրասուզակները ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկին հայտնաբերել են, մյուսին՝ որոնում են:

Դեպքի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում «դժբախտ պատահար» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր