211652_close_icon
views-count907 դիտում article-date 10:06 10-08-2024

Բրիտանական հայտնի ընկերությունը լիցենզիոն խոշոր պայմանագիր է կնքել հայկական արտադրողի հետ

Արմենիան Տոբակո Քոմփանի» /Armenian Tobacco Company, ATC/ ընկերությունը լիցենզիոն խոշոր պայմանագիր է ստորագրել բրիտանական Imperial Brands խմբի անդամ Reemtsma Cigarettenfabriken GmbH ընկերության հետ: Պայմանագրի կողմ է հանդիսանում նաև Ավերս ՍՊԸ-ն, որը Imperial Brands-ի էքսկլյուզիվ դիստրիբյուտորն է Հայաստանի Հանրապետությունում:

Օգոստոսի 8-ին գործարանում տրվել է համագործակցության պաշտոնական մեկնարկը, որին ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԺ պատգամավորներ,  Imperial Brands խմբի անդամ Reemtsma Cigarettenfabriken GmbH ընկերության ներկայացուցիչ Տիգրան Խաչատրյանը, «Ավերս» ընկերության ներկայացուցիչ Կարո Շահբազյանը, ATC  ընկերության կոմերցիոն տնօրեն Գուրգեն Նարիմանյանը։
ATC-ն Հայաստանում միակ ընկերությունն է, որի գործարանում   նախատեսվում է աշխարհահռչակ երկու ապրանքանիշերի արտադրություն: Միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան արտադրանքի վաճառքն իրականացվելու է հայաստանյան շուկայում:

Սա ATC-ի և Imperial Brands-ի համագործակցության առաջին քայլն է: Գործընկերության հաստատմանը մեծապես նպաստել է այն հանգամանքը, որ ATC ընկերությունը իր նորագույն տեխնոլոգիաների և սարքավորումների, վերջին սերնդի հոսքագծերի և փորձառու մասնագետների առկայության շնորհիվ պատրաստ է միջազգային չափորոշիչներին համապատասխան լայնածավալ արտադրություն իրականացնել:

«Նախկին խորհրդային երկրներից սա առաջին դեպքն է, երբ միջազգային արտադրողը լիցենզիոն համաձայնագիր է ստորագրում տեղական արտադրողի հետ։ Նախկին փորձն այն է, որ այդ արտադրողներն իրենք են գործարաններ հիմնադրում և իրենք են կազմակերպում-կառավարում արտադրության ամբողջ գործընթացը։ Այս պարագայում մենք ստացել ենք իրավունք՝ իրենց փոխարեն արտադրելու, ինչը, ենթադրում է, որ մենք ամբողջությամբ առաջնորդվելու ենք իրենց տեխնոլոգիաներով, իրենց չափորոշիչներով»,- իր խոսքում նշեց ATC ընկերության կոմերցիոն տնօրեն Գուրգեն Նարիմանյանը։

Զուգահեռաբար, ATC-ում տեղի է ունեցել ղեկավար մարմնի փոփոխություն, և ներկայումս հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում նոր որակ ապահովելու, ընկերության ապրանքատեսականին նոր ապրանքանիշերով համալրելու, ինչպես նաև միջազգային նորանոր շուկաներ գրավելու համար: Մասնավորապես, 2024-2027 թվականների ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ավելի քան 13 միլիարդ ՀՀ դրամի ներդրում, ընկերությունում առկա 70 աշխատատեղերին կավելանան ևս 200-ը: Աշխատավարձի և արտոնությունների ֆոնդը երկու հերթափոխերով աշխատելու դեպքում մեկ աշխատողի հաշվարկով կկազմի միջինը 385,000 ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր