211652_close_icon
views-count1030 դիտում article-date 09:01 17-08-2024

Վերջին 14 օրում Հայաստանում COVID-ի լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել

Համաճարակային իրավիճակն աշխարհում  վարակիչ որոշ հիվանդությունների առումով գնալով լարվում է:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը խորհրդակցություն  է անցկացրել  ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի և ԱՆ մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուների հետ և քննարկել տարածաշրջաններում և մեր երկրում համաճարակային իրավիճակը:

ԱՆ հաղորդմամբ, Լենա Նանուշյանը նշել է, որ արձակուրդային սեզոնի ավարտին կարմրուկի, կապույտ հազի, ջրծաղիկի,  վարակիչ մյուս հիվանդությունների դեպքերի աճից խուսափելու համար անհրաժեշտ է ուժեղացնել ուսումնական հաստատություններում կանխարգելիչ միջոցառումները և ծնողներին իրազեկել ժամանակին երեխաներին պատվաստելու կարևորության մասին:
ՀՎԿԱԿ մասնագետները նշել են, որ COVID-19-ի «Օմիկրոնի» ենթատեսակներով պայմանավորված ևս կայուն աճ կա աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Վերջին 14 օրում  Հայաստանում լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել: Հիվանդության ընթացքը թեև ծանր չէ, այս պահին Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութն ունի բարձր արդյունավետություն շրջանառվող ենթատեսակների դեմ:

Անդրադարձ է եղել նաև Կապիկի ծաղիկ հիվանդությանը, որով պայմանավորված նախօրեին ԱՀԿ-ն  հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել: Թեև Հայաստանում հիվանդության  ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր, այդուհանդերձ, Լենա Նանուշյանը նշել է, որ անհրաժեշտ է սահմանային անցակետերում գործընկերների հետ դեպքերի վերհանման մեխանիզմները հստակեցնել:
Մասնագետներն անդրադարձել են նաև  տարածաշրջանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված դեպքերին։ 

Հանդիպման ավարտին Լենա Նանուշյանը հանձնարարել է երկրում շրջանառվող բոլոր տեսակի վարակիչ հիվանդությունների համաճարակային հսկողությունը ուժեղացնել, հստակեցնել իրավական կարգավորումները և բարձրացնել իրազեկվածությունը:

Նմանատիպ նյութեր