211652_close_icon
views-count481 դիտում article-date 10:45 02-09-2024

Արցախի վերադարձը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային նպատակներից մեկը. «Հայաքվե»

33 տարի առաջ այս օրը իր հայրենիքում արժանապատիվ ապրելու համար պայքարող Արցախի ժողովրդի ընտրյալ պատգամավորները հռչակեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Արցախի ժողովրդի ազատության պայքարի վերջնանպատակը եղել և մնում է վերամիավորումը Մայր հայրենիքի հետ․ ԼՂՀ անկախության հռչակագրում տեղ է գտել հայ ժողովրդի միասնության ձգտումը՝ որպես տրամաբանական շարունակություն ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ․ դեկտեմբերի 1-ի՝ ՀԽՍՀ-ի և Արցախի վերամիավորման մասին համատեղ պատմական որոշման։

Արցախի ազատության ու Մայր հայրենիքին միանալու գաղափարը դրվել է նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրա-իրավական հիմքերում։ Հայ ժողովրդի համար անկախ պետականություն ունենալու նպատակներից մեկն էլ եղել է նշված գաղափարի կենսագործումը, ինչն իր արտացոլումն է գտել ՀՀ Անկախության հռչակագրում։

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է ի պաշտպանություն այդ կենսական գաղափարի։

Ուստի մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը Արցախի ազատության, հայ ժողովրդի միասնության հիմնարար գաղափարին, խստորեն դատապարտում ենք ՀՀ գործող վարչախմբի՝ Արցախից հրաժարվելու և այն ՀՀ ինքնիշխանությանը հակադրելու ստահոդ քաղաքականությունը և, ի լուր աշխարհի, հայտարարում ենք․

Արցախը մեր հայրենիքն է, այն պետք է լինի հայկական, և մենք շարունակելու ենք հետևողական պայքարը Արցախի վերահայացման համար,

Արցախի կազմակերպված հանձնումն Ադրբեջանին մեծագույն հանցանք է հայ ժողովրդի դեմ, այն պետք է իրավաքաղաքական պատշաճ գնահատական ստանա Հայաստանում տեղի ունենալիք իշխանափոխությունից հետո,

Արցախի բռնազավթումը և հայաթափումը Ադրբեջանի կողմից նաև մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություն է, որը պետք է միջազգային քաղաքական և քրեաիրավական գնահատական ստանա,

Արցախի վերադարձը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային նպատակներից մեկը, այն պետք է ուղեկցվի արցախցիների վերադարձով և իրենց հայրենիքում վերաբնակեցմամբ, ինչը հնարավոր է արցախցիների համայնքները և հավաքական ինքնությունը պահպանելու դեպքում։

 «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդ



 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր