211652_close_icon
views-count571 դիտում article-date 14:10 18-10-2024

Անշարժ գույքի շուկայի տրանսֆորմացիան Հայաստանում. Անդրանիկ Հարությունով

Անդրանիկ Հարությունովը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով անշարժ գույքի շուկայի տրանսֆորմացիային: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Վերջին երկու տարիներին անշարժ գույքի շուկան Հայաստանում զգալի փոփոխությունների ենթարկվեց: Բացի Ռուա-ուկրաինական պատերազմից, շուկայի վրա մեծ ազդեցություն ունեցան նաև Արցախի ցավալի իրադարձությունները, որոնց արդյունքում Հայաստան եկան ավելի քան 100,000 բռնի տեղահանված մեր հայրենակիցները: Միգրանտների մեծ հոսքն առաջացրեց գների գերարժևորում, սակայն ներկայումս, պահանջարկի նվազման պայմաններում, շուկան աստիճանաբար կարգավորվում է:

Առաջնային շուկան շարունակում է ակտիվ մնալ՝ շնորհիվ եկամտահարկի վերադարձի մասին օրենքի, որն ուժի մեջ է մինչև տարեվերջ: Երկրորդային շուկայում սեփականատերերը դեռևս դժվարությամբ են համակերպվում գնային փոփոխություններին, սակայն գործարքները տեղի են ունենում ավելի ցածր սեգմենտում: Կարևոր է նշել, որ գների կարգավորումը չի ենթադրում շուկայի «պայթյուն», այլ վկայում է իրավիճակի բնականոնացման մասին:
Շատ կարևոր է նաև հիփոթեքային շուկայի աջակցությունը: Եկամտահարկի վերադարձի օրենքի ավարտից հետո, շուկայում կարող ենք ունենալ 12,5-15% հիփոթեքային վարկեր, որոնք մեծ բեռ կդառնան, և քիչ գնորդներ կցանկանան այդ պայմաններով վարկեր վերցնել: Պետական մարմինները պետք է մտածեն նոր սուբսիդավորվող գործիքների առաջարկման մասին, քանի որ գործարքների նվազումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ շուկայի վրա:

Միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է ներգրավել արտասահմանցի գնորդներին՝ շուկան միջազգային դարձնելու նպատակով: Ներկայումս մեր շուկայի ընդամենը 1%-ն է բաժին հասնում արտասահմանցիներին, մինչդեռ Վրաստանում այդ ցուցանիշը մոտ 50%-ի է հասնում: Դա հնարավոր կլինի անել, եթե սահմանվեն արտոնություններ անշարժ գույք գնելու դեպքում: Լուծումներ կարելի է գտնել ոլորտի մասնագետների հետ քննարկումների միջոցով:

Այս առումով, Անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիան և Կառուցապատողների Հայկական ասոցիացիան հոկտեմբերին նախաձեռնել են միջոցառում՝ Toon Expo-ի շրջանակներում անշարժ գույքի միջազգային սամմիտ կազմակերպելով: Այնտեղ հրավիրված կլինեն միջազգային մակարդակի խոսնակներ, ներդրողներ, կառուցապատողներ և ոլորտի հետ սերտ կապ ունեցող մարդիկ: Սա մեր առաջին քայլերն են դեպի ավելի միջազգային և գրավիչ շուկա»:

Նմանատիպ նյութեր