211652_close_icon
views-count952 դիտում article-date 21:50 07-11-2024

Քննարկել են Հայաստանում անվտանգության ոլորտի բարեփոխումների կարգավիճակն ու հետագիծը

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և հանձնաժողովի անդամները նոյեմբերի 7-8-ը մասնակցեցին «Անվտանգության ոլորտի կառավարումը և վերահսկողությունը Հայաստանում։ Բարեփոխումների կարգավիճակը և հետագիծը» կլոր սեղան-երկխոսությանը։
 
Միջոցառումը կազմակերպվել էր Խաղաղության երկխոսություն ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի կողմից՝ հանձնաժողովի և Պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցությամբ։
 
Կլոր սեղան-երկխոսությունը համախմբել էր անվտանգության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերին՝ քննարկելու Հայաստանում անվտանգության ոլորտի բարեփոխումների կարգավիճակն ու հետագիծը։ Քննարկումներ ծավալվեցին անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկողության, հետախուզության ոլորտի կառավարման և վերահսկողության, պաշտպանության ոլորտում պրոֆեսիոնալիզմի, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, անվտանգության ոլորտում գենդերային ներառականության, զինվորական անձնակազմի բարեկեցության և հոգեկան առողջության բարելավման, անվտանգության ոլորտում մարդու իրավունքների խթանման, անկախ վերահսկողական հաստատությունների հզորացման շուրջ։
 
Ընդգծվեց խորհրդարանական վերահսկողության կարևորությունը ժողովրդավարական պետությունների հավասարակշռված կառավարման գործում։ Պաշտպանության և անվտանգության ոլորտի ինստիտուտների գործունեության վերահսկողության հարցում առանձնակի շեշտվեցին անվտանգության ոլորտում ի հայտ եկող նոր մարտահրավերները, որոնք պահանջում են նոր մոտեցումներ և որոնք նույնպես պետք է վերահսկելի լինեն Խորհրդարանի կողմից։ Դա հնարավոր կդառնա առկա գործիքակազմի հարստացման, վերահսկողության իրավական մեխանիզմների ուժեղացման, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության միջոցով։ Նշված գործողությունների ամուր հիմքը պետք է լինի հանրության վստահության ձեռքբերումն ու
պահպանումը։
 

Նմանատիպ նյութեր