211652_close_icon
views-count25303 դիտում article-date 10:57 13-11-2024

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Ն.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գևորգ Չաուշ 21/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ապա դեպքի մասին ահազանգել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Մելքոնյանն ու Տիգրան Հայրապետյանը:  

Մինչ պարեկները սահմանազատում էին տարածքը, «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է, ինչից հետո դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը:

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Հովհաննիսյանի և քննիչ Հայկ Պողոսյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+

Նմանատիպ նյութեր