211652_close_icon
views-count1561 դիտում article-date 09:00 19-11-2024

Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիրակի երեկոյան տարածված «սլիվը», որ երեկ իրականություն դարձավ, տարաբնույթ որակումների, կարծիքների, նույնիսկ հեռուն գնացող «եզրահանգումների» ու «վերլուծությունների» տեղիք տվեց: Խոսքը, այսպես կոչված, ուժային բլոկի «գլխատման» մասին է, որն արդեն ստացել է «վոթցափային պաշտոնանկություններ» անունը: Ի դեպ, «հրաժարականների» այս շքերթը երեկ ողջ օրն ավելի շատ ծաղրի ու հեգնանքի առարկա դարձավ: Ոմանք նույնիսկ նշում էին, թե որոշ պաշտոնյաներ (ասենք՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը) իրենց «WatsApp»-ները ջնջել են: Կատակը՝ կատակ, բայց «Փաստ» թերթի տեղեկություններով, այս պաշտոնանկություններն ունենալու են բավական լուրջ շարունակություն: Ընդ որում, խոսքը միայն, այսպես կոչված, «առաջին էշելոնի» մասին չէ. առաջիկա օրերին պաշտոններից ազատվելու են նաև պետական կառույցների, հատկապես հրաժարական տվածների «հիմնարկների» երկրորդ, երրորդ շարքի ոչ քիչ պաշտոնյաներ:
 
Ի մասնավորի, երեկվա դրությամբ մեզ հայտնի էր դարձել առնվազն երկու սպասվող պաշտոնանկության մասին: Նախ՝ երեկ առավոտյան տեղեկություն ստացանք, որ ազատման դիմում է գրելու ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գոռ Բակլաչյանը, որը համարվում է հրաժարական տված Ռուստամ Բադասյանի աջ ձեռքը: Մեր տեղեկություններով, կադրային ջարդի հաջորդ արարը ՊԵԿ-ում կվերաբերի Բագրատաշենի մաքսային անցակետի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ աշխատանքից ազատմանը։ Բառացիորեն օրեր առաջ այս մաքսակետում տեղի էր ունեցել սկանդալային միջադեպ, ինչի պատճառով նրանց վարքը քննարկման առարկա էր դարձել ամենաբարձր մակարդակով, և չի բացառվում, որ նրանք ևս հայտնվեն միևնույն «փաթեթի» մեջ։ Մյուսը ՆԳ նախարարության ոստիկանության ՔՈԳՎ պետ-ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանն է, որի անունն, ի դեպ, կապվում է MG սուպերմարկետների ցանցի հետ:
 
Անկարևոր չէ նշել, որ Վարդան Վարդանյանը հատկապես հայտնի է ընդդիմության ցույցերը ցրելու «ջանասիրությամբ»: Սրանք, սակայն, հատուկենտ օրինակներ չեն լինի: Ինչպես ասում են, «վոթցափային պաշտոնանկությունների» շքերթը կլինի շարունակական:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր