211652_close_icon
views-count22758 դիտում article-date 16:21 25-11-2024

Արտակարգ դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մոտ. հրդեհ է բռնկվել «Ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ին պատկանող «Ford Transit»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսատուն-վարչության տարածքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկներ Միշա Մկրտչյանն ու Արամ Ալավերդյանը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի բնակիչ 33-ամյա Արման Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանում գործող «Ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ի հաշվեկշռում:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:  

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր