211652_close_icon
views-count1309 դիտում article-date 17:22 05-12-2024

Սպառնալիքները անզոր ու անհավասար պայքարի մեջ են «Հովիկ Աղազարյան» օրակարգի հետ. Դավիթ Անանյան

Պատմական ճշմարտության խլացուցիչ աղաղակն ու առաջ մղվող սպառնալիքները անզոր ու անհավասար պայքարի մեջ են «Հովիկ Աղազարյան» և հանրային ուշադրությունը շեղող ու ազգային զգոնությունը թուլացնող այլ արհեստական ու մանր օրակարգերով հանրային կյանքը հագեցնելու այսօրվա պարտադրվող իրականության հետ։

Այս մասին իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի քաղաքական իշխանությունները ընկղմված լինելով անտարբերության խոր քնի մեջ, ըստ էության, ոչ միայն չեն հակադրվում, այլև թույլ են տալիս Ադրբեջանին և նրա թուրք դաշնակիցներին բացահայտ հավակնել ինքնիշխան Հայաստանի տարածքին՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»:

«Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված անձանց համար արդարության վերականգնում» թեմայով միջազգային կոնֆերանսին բացման խոսքով հանդես են եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ու Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ընդգծելով Հայաստանից բռնի տեղահանված անձանց համար արդարության վերականգնման, մասնավորապես, վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությունը:

Այնուհետև, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է «Արևմտյան Ադրբեջանի իրողությունների քարոզչության» ոլորտում աչքի ընկնող մի խումբ գործիչների։ Հիշյալ կոնֆերանսի ընթացքում Ալիևը նշել է, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ։

Մեր կողմից վճռական գործողությունների և հայտարարությունների բացակայությունը միայն ոգևորում է Ադրբեջանին և նրա աջակիցներին՝ պատմության մոռացության և վերանայման պետական արշավում: Մեր լռությունն ու անգործությունը դառնում են վախկոտություն և դավաճանություն պատմության առջև, ինչը հաստատում է, որ անարժան առաջնորդները անխուսափելիորեն հանգեցնում են ինքնիշխանության և տարածքի կորստի։

Իրերն իրենց անուններով կոչելու և նրանցից պատասխանատվություն պահանջելու ժամանակը վաղուց է անցել, իսկ արտաքին սպառնալիքների և երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության պաշտպանությանն առնչվող խնդիրների դեմ ակտիվ և վճռական գործողությունների հրատապ անհրաժեշտությունը գնալով ահագնանում է»։

Նմանատիպ նյութեր