211652_close_icon
views-count958 դիտում article-date 23:26 06-12-2024

Ադրբեջանում մեկ օրում վեց լրագրող է ձերբակալվել

Բաքվում ձերբակալվել են Meydan TV անկախ լրատավամիջոցի առնվազն հինգ լրագրողներ՝ Այնուր Գանբարովան, Այթաջ Ահմադովան, Խայալա Աղաևան, Նաթիգ Ջավադլին և Այսել Ումուդովան: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել նաև անկախ լրագրող Ռամին Ջաբրայլզադեն, ինչպես հաղորդվում է՝ ֆինանսական մաքսանենգության կասկածանքով: Փոխանցում է Azatutyun-ը։

Meydan TV-ն հայտնում է, որ ուժայինները լրատվամիջոցի ձերբակալված լրագրողների տները խուզարկել են, առգրավել նրանց սարքավորումներն ու անձնական իրերը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Meydan TV-ն 2013 թվականից գործող ադրբեջանական անկախ լրատվամիջոց է, որի կենտրոնակայանը գտնվում է Բեռլինում։ Լրատվամիջոցը Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի՝ OCCRP-ի գործընկերներից է, որը բազմաթիվ հետաքննություններ է իրականացրել Ադրբեջանի իշխող վերնախավի ներկայացուցիչների անվան հետ կապվող կասկածելի գործարքների մասին:

Ադրբեջանցի լրագրողների ձերբակալությունների հերթական ալիքը տեղի է ունենում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջոշուա Հաքի Ադրբեջան այցի ֆոնին։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան այսօր ավելի վաղ հանդիպում է ունեցել ամիսներ առաջ բանտարկված լրագրողների և ակտիվիստների հարազատների հետ, հայտնում է ԱՄՆ-ի դեսպանությունը։

2024-ի հունիսի տվյալներով՝ Ադրբեջանում կար 303 քաղբանտարկյալ, այդ թվում՝ տասնյակ լրագրողներ: Ըստ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների՝ 2000-ականներից ի վեր առաջին անգամ է Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում 300-ը:

Նմանատիպ նյութեր