211652_close_icon
views-count1423 դիտում article-date 21:16 14-12-2024

Կարճաժամկետ հեռանկարում հարկաբյուջետային խթանող քաղաքականությունը կարող է հանգեցնել իրական ՀՆԱ-ի աճի․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը  Հարկաբյուջետային քաղաքականության (առհասարակ` մակրոտնտեսական քաղաքականության) արդյունավետությունը հիմնականում և գլխավորապես կախված է ճիշտ նպատակադրումների և դրանց հասնելու միջոցների ճիշտ ընտրությունից։ Սակայն այն նաև կախված է բազմաթիվ այնպիսի գործոններից, որոնք արտացոլում են հարկաբյուջետային (մակրոտնտեսական) քաղաքականության գործնական կիրառման իրական դրդապատճառներն ու պայմանները։ Այդպիսի գործոններից է, մասնավորպես, քաղաքական կոնյուկտուրան, որի էությունն այն է, որ իշխանության համար պայքարը քաղաքական իշխանությանն ու առանձին գործիչներին ստիպում է անտեսել հարկաբյուջետային (մակրոտնտեսական) քաղաքականության երկարաժամկետ զարգացումներն ու ռեֆորմները՝ ի շահ կարճաժամկետ քաղաքական դիվիդենտների և ձեռքբերումների։

Այսպիսի վարքագիծը, ըստ էության, չեզոքացնում է հարկաբյուջետային (մակրոտնտեսական) քաղաքականության արդյունավետությունը, քանի որ դրա կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակադրումներն ու հետևանքները շատ հաճախ չեն համընկնում։ Օրինակ, կարճաժամկետ հեռանկարում հարկաբյուջետային խթանող քաղաքականությունը կարող է հանգեցնել իրական ՀՆԱ-ի աճի, գործազրկության մակարդակի նվազեցման և թվացյալ չափավոր գնաճի, բայց երկարաժամկետ հեռանկարում տեղի ունեցող` տրամագծորեն հակառակ գործընթացները, կլանելով կարճաժամկետ ժամանակահատվածի դրական արդյունքները` անխուսափելիորեն հանգեցնելու են տնտեսական անբարենպաստ հետևանքների:

Օրերս, ՀՀ կառավարության կողմից անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման և կարգի հաստատումը, ըստ էության, քաղաքական դրդապատճառներով (ակնհայտ նախընտրական գործընթացներին ընդառաջ) առաջարկվող նախաձեռնություն է, որը պետական բյուջեի վրա կարող է ունենալ հսկայական ազդեցություն: Մասնավորապես, ըստ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ներկայացված տեղեկության, 2024 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341 հազար, իսկ նրանց վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ:

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, ակնկալվում է, որ մինչև 2026թ. հունվարի 31-ը, թիրախային խմբի շուրջ 60%-ը կամ 131 հազար անձ կդառնա ծրագրի շահառու և կսկսի մարել վարկային պարտավորությունները: Եթե համադրելու համար մի պահ դիտարկենք, թե 2025 թ. պետական բյուջեով որքան է հատկացվել ռազմարդյունաբերությանը կամ ՀՀ արտահանելի հատվածի զարգազմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորմանը, ակնհայտորեն կարելի է եզրակացնել, որ կարճաժամկետ և խիստ քաղաքական նպատակներ հետապնդող միջոցառումները ավելի «հետաքրքիր ու նպատակարամար» են թվում քաղաքական գերիշխանության վերարտադրման գործընթացում գտնվող օրվա իշխանություններին, քան ռազմարդյունաբերության կամ տնտեսության արտահանելի հատվածի խթանմանն ուղղված, և, առհասարակ, բոլոր այն երկարաժամկետ միջոցառումները, որոնց շոշափելի հաջողությունները, ակնհայտորեն, իրենց իշխանավարման օրոք չեն լինելու և, հետևաբար, իրենց պոտենցիալ էլեկտորատին ներկայացնելու առումով ոչ միայն հետաքրքիր չեն, այլև` ընկալման տեսանկյունից կարող են խնդիրներ առաջացնել:

Նմանատիպ նյութեր