211652_close_icon
views-count19021 դիտում article-date 22:26 14-12-2024

Բանկի աշխատակիցը անփութորեն քաղաքացու շտապ փոխանցումն ուրիշին է արել, ապա առաջարկել 10 օր սպասել

Թարգմանչուհի Մարալ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով․ «Inecobank CJSC դուք ձեր այսօրվա արածի համար հաստատ պատասխան կտաք...

Այսօր առավոտ շուտ Երևանից պետք է մեկնեի մարզ, և քանի որ ոչ հաշվիս, ոչ կանխիկ գումար չեմ ունենում, շատ արագ մտնում եմ Ինեկոբանկի Ավետիսյան մասնաճյուղ (շաբաթ օրը աշխատում են մինչև ժամը 14։30), հայտնում եմ, որ իմ ԱՁ֊ի հաշվից ցանկանում եմ գումար փոխանցել իմ ֆիզ. անձի հաշվին։ Փոխանցման թերթիկի վրա ստուգում եմ գումարի չափը ու ստորագրում, կնքում։ Անցնում է մի ժամ, գումարը իմ հաշվին չի նստում, զանգահարում եմ բանկ, օպերատորին բացատրում եմ եղածը, հայտնում է, որ "ցավոք" չի կարող իրավաբանական անձի մասին տեղեկություն տրամադրել, իսկ հիմա արդեն բոլոր մասնաճյուղերը փակ են, պետք է սպասել մինչև երկուշաբթի։ Բացատրում եմ, որ ճանապարհին եմ, վառելիքի գումար չունեմ, ճամփին մնալու խնդիր կառաջանա, կրկնում է, որ "ցավոք" ոչինչ անել հնարավոր չէ։ Երբ շատ եմ խնդրում գոնե ուղղորդել, թե ինչ կարելի է անել, ասում է` դուք գումարը ու՞մ եք փոխանցել, կնայե՞ք կտրոնին.. ստուգում եմ կտրոնը, և ի՞նչ տեսնեմ... գումարը փոխանցվել է ոմն անծանոթ Ն. Չ.֊ի։ Հայտնում եմ, որ իրենց աշխատակցի անփութության պատճառով գումարս ուրիշին է փոխանցվել, խնդրում եմ խնդիրը լուծել, ինչին ի պատասխան կրկին լսում եմ` "ցավոք" այս պահին ոչինչ չենք կարող անել, դուք կարող եք հայտ լրացնել, ու 10 աշխատանքային օրում կքննարկենք։ Արդեն անճարությունից հուսահատ հարց եմ տալիս` իսկ եթե այդ 10 օրերի ընթացքում այդ անձը գումարը ծախսի, ի՞նչ կլինի, պատասխան` "ցավոք" ոչինչ անել չենք կարող...

Էլ խնդրում եմ, էլ աղաչում եմ, որ զանգեն նշված անձին, իմ հեռախոսահամարը փոխանցեն, գոնե այդ կերպ հնարավոր լինի գումարը վերադարձնել ու ճամփին չմնալ, պատասխան` "ցավոք" մենք դրա իրավասությունը չունենք։

Երևանից մինչև Սիսիան սառցակալած ճանապարհին մեկ աչքս հեռախոսիս, մյուս աչքս ճանապարհին օնլայն վարկ եմ ձևակերպում, վառելիքիս հարցն եմ լուծում, բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներին դիմելով գտնում եմ այդ անձին, ում փոխանցել էին գումարը, ով շատ ազնիվ կին լինելով, գումարը հետ է փոխանցում նույն հաշվեհամարին, այսինքն` իմ ԱՁ֊ի հաշվին, որտեղից գումար կանխիկացնելու կամ փոխանցելու համար պետք է սպասեմ հաջորդ աշխատանքային օրը...

Ոչ հարգելի Ինեկոբանկ, մենք երկուշաբթի օր կհանդիպենք ու դուք ձեր արածի պատասխանը կտաք ինձ։

Հ.գ. Երբ զանգահարեցի Ն. Չ.֊ին, ում փոխանցվել էր գումարը, հայտնեց, որ նույն օրը, ինձնից վայրկյաններ առաջ ինքն է սպասարկվել նույն աշխատակցի մոտ, ու փնթի աշխատակիցը նույն հաշվեհամարին իմ փոխանցումն է կատարել»։
 

Նմանատիպ նյութեր