211652_close_icon
views-count925 դիտում article-date 17:28 16-12-2024

Աղազարյանի կողմից՝ ենթադրաբար պետական գաղտնիք պարունակող արտահոսքերի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին առնչվող գործով Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելը)։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ հարուցելու հարցը որոշելու համար։

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» մերժելու եւ պատգամավորական մանդատը վայր չդնելու մասին, ինչից հետո՝ դեկտեմբերի 3-ին, ՔՊ վարչության որոշեց Հովիկ Աղազարյանին հեռացնել կուսակցությունից։ Որպես Աղազարյանի հեռացման պատճառ նշվում է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։ Ընդ որում, այդ «արտահոսքերի» մասին իշխանություններն իմացել են այն բանից հետո, երբ ՀԿԿ-ում քննվող՝ ԱԺ-ում Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջադեպի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում առգրավվել է Հովիկ Աղազարյանի հեռախոսը։ Այլ խոսքով՝ քննիչը ծանոթացել էր հեռախոսի բովանդակությանն ու նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունները հասանել էին դարձել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին։

ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այդ տեղեկություններն իրեն տրամադրել է օպերատիվ մարմինը։

«Այդ հեռախոսը քրեական գործի շրջանակներում հայտնվել է անկախ մարմնի մոտ և անկախ մարմինը համապատասխան թույլտվություններն ունենալով՝ բոլորովին ուրիշ գործով հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որն այդքան էլ անկախ չի։ Եւ այդ ոչ այնքան անկախ մարմինը հանձնարարականը կատարելու ընթացքում բախվել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակել են պետական անվտանգությանը վերաբերող սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ։ Բնականաբար, այդ մարմինը պարտավոր էր իր գործառույթների շրջանակում կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի տիրոջ հետ, միաժամանակ, պարտավոր էր զեկուցել իր վերադասին՝ վարչապետին»,- հայտարարել էր Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր