211652_close_icon
views-count1093 դիտում article-date 19:26 30-12-2024

Ատեստավորված ուսուցիչների դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարների տրամադրումը կկիրառվի հունվարի 1-ից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են 2024 թվականի կամավոր ատեստավորման արդյունքում ատեստավորված համարվող և դրույքաչափի բարձրացում ունեցող, ինչպես նաև բարձրացված դրույքաչափի նկատմամբ համապատասխան տոկոսով հավելավճար ստացող ուսուցիչների և ուսուցիչ չաշխատող անձանց ցուցակները: 

Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ հավելելով, որ նախարարի հրամանով՝ կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը սահմանվել է 200 հազար դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար: 

Հաստատվել են նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն ունեցող և դրա նկատմամբ 5 տարի ժամկետով հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները: Ըստ ցուցաբերած արդյունքների՝ ուսուցիչները կստանան հավելավճար հետևյալ սանդղակով, որը կկիրառվի բարձրացված դրույքաչափի նկատմամբ, մասնավորապես 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 30 տոկոսի չափով, 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 40 տոկոսի չափով, իսկ 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 50 տոկոսի չափով:

Նախարարի հրամանով հաստատվել են նաև կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցիչ չաշխատող անձանց ցուցակները: Ուսուցիչ չաշխատող անձինք դրույքաչափի փոփոխության և հավելավճարի տրամադրման իրավունքից կօգտվեն՝ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում աշխատանքի ընդունվելու օրվանից: Տվյալ անձանց համար հավելավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորումից սկսած: Հաստատվել է նաև կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների ցուցակը․ այս խմբում գտնվող ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ հաջորդ ատեստավորման ժամանակ:

Նմանատիպ նյութեր