211652_close_icon
views-count77989 դիտում article-date 10:13 06-01-2025

Ողբերգական դեպք՝ Երևանում․ հրշեջները, մարելով բնակարանում առաջացած հրդեհը, հայտնաբերել են մոր և դստեր մարմինները․ բնակարանը գազաֆիկացված չի եղել․ ժամանել են Շենգավիթի ոստիկանապետն ու քննչականի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատյան փողոցի 90 շենքում կրակ և ծուխ է նկատվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, կրակի դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, որից հետո երկրորդ հարկի աստիճանների մոտ, ապա ննջասենյակում՝ մահճակալի կողքին հայտնաբերել են ծխահարված դիեր։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի և Մանվել Թամրազյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանս Գազ», Երևանի ԳԳՄ-ի ծառայողները։ Տեղում պարզվել է, որ բնակարանը գազաֆիկացված չէ։

Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Խաչատրյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածները նշված տան բնակիչներ 74-ամյա Անուշ Բ․-ն և 44-ամյա Լիլիթ Հ․-ն է։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածները մայր ու դուստր են։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր