211652_close_icon

Այսօր Մեծ Պահքի երրորդ կիրակին է` Անառակի կիրակին

views-count2644 դիտում article-date 11:47 16-03-2025
Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Անառակի՝ Քրիստոսի պատմած «Անառակ որդու առակ»-ի անվամբ, որն էլ ընթրեցվում է այդ կիրակի օրը: Առակում մեղքեր, սխալներ գործած որդին զղջմամբ ու ապաշխարությամբ դառնում է դեպի գթասիրտ Հայրը:

Անառակ որդին, խոր զղջում ապրելով իր գործած արարքների համար, որոշում է վերադառնալ հոր մոտ՝ զղջումով և ապաշխարությամբ: Նկատելով նրան՝ հայրն ինքն է ընդառաջ գալիս որդուն, գրկում է նրան և ընդունում հայրական տանը: Որդին ասում է նրան. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ…» (Ղուկաս 15:21): Հայրն, անշուշտ, ներում է նրան: Անգամ ի պատասխան ավագ որդու բողոքին, թե ինչու է ուրախությամբ և պատվով ընդունում հայրական ունեցվածքը վատնած անառակին, ասում է. «Քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկաս 15:32):

Այս պատասխանի մեջ էլ խտացած է առակի բարոյական ողջ իմաստը:

Աստված, ով առակում ներկայացված է հոր կերպարում, ներում է և գրկաբաց է ընդունում բոլոր նրանց, ովքեր գիտակցում են իրենց մեղքը, զղջում և ապաշխարում են:

Իսկ անառակ որդու դերում կարող է հայտնվել մեզանից յուրաքանչյուրն իր կյանքի յուրաքանչյուր փուլում: Ընդունելով որոշումներ՝ հաճախ մեղք ենք գործում, ապա նոր միայն հասկանում դրա՝ չարից թելադրված լինելը: Այդ պարագայում Աստծուն դառնալու ճանապարհին հարց է ծագում՝ արդյո՞ք կների:

Այս առակով, որը չորս ավետարանիչներից միայն Ղուկասն է ներկայացրել, հասկանում ենք, որ, անշուշտ, բոլոր դեպքերում, երբ զղջանք և ապաշխարենք, գրկաբաց ընդունվելու է մեր դարձն առ Աստված:

Առակի ավարտին հոր կողմից ասված «…Բերեք պարարտ եզը, մորթեցեք» խոսքերը խորհրդանշում են Հայր Աստծո՝ Իր միածին Որդուն որպես բանական զոհ և պատարագ երկիր ուղարկելը:

Առակի վերջում նաև ուրախանալու կոչ է ամենքիս. «Հիմա պիտի ուրախանանք և ցնծանք, որովհետև քո այս եղբայրը մեռած էր՝ կենդանացավ, կորած էր՝ գտնվեց» (Ղուկաս 15:32):

Զղջման, ապաշխարության ճանապարհն անցնում է պահքով, ուստի Մեծ Պահքի այս կիրակին էլ գալիս է մեզ ևս մեկ անգամ հիշեցնելու, որ ճշմարիտ զղջմամբ և ապաշխարությամբ կարող ենք ընդունված լինել Աստծու կողմից:

Աղբյուրը՝ qahana.am

 

Նմանատիպ նյութեր