211652_close_icon

6,000 հեծանիվ է բաժանվել դպրոցներին, ուսուցիչներին չենք ստիպել հեծանիվ վարել, չնայած՝ ոչ մեկիս չէր խանգարի առողջ ապրելակերպ վարելը. Ժաննա Անդրեասյան

views-count2656 դիտում article-date 11:25 18-03-2025
Ուզում եմ ընդգծել առողջ ապրելակերպը և ֆիզիկական առողջ ակտիվության հետ կապված մեր աշխատանքը. այստեղ հատկապես կուզեի ներկայացնել այն աշխատանքը, որ իրականացրել ենք վարչապետի գավաթի խորագիրը կրող մրցաշարերի շրջանակներում:

Այս մասին ԱԺ ՄԻ պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստում 2026-ի Բյուջեի հայտի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Գիտեք՝ հինգ խոշոր մրցաշարեր ենք կազմակերպում: Նախորդ տարի դրանց մասնակցել է ավելի քան 9,600 մարդ, որը 48 տոկոսով ավել է քան նախորդ տարի: Հատկապես կարևորում եմ, որ մենք վարչապետի գավաթի ևս երկու մրցաշարեր նախորդ տարի վերափոխեցինք դպրոցականների շրջանում անցկացվող մրցաշարերի: Խոսքը սեղանի թենիսի և հեծանվավազքի մասին է, մինչ այդ նաև դպրոցականների շրջանում էր թիմային խճուղավազքը»,- ասաց նա:

Անդրեասյանը նշեց՝ դպրոցականների շրջանում ավելի լայն մասնակցություն ապահովելու համար նախորդ տարի մարզերի և Երևանի համար ֆիքսել են նվազագույն ցուցանիշ, որ դպրոցների առնվազն 30%-ը յուրաքանչյուր մարզից պիտի մասնակցի համայնքային փուլին։

«Պետք է ասեմ, որ բավականին լավ ցուցանիշներ ենք ունեցել դրա արդյունքում: Դե իսկ հեծանվավազքը կազմակերպելու համար ավելի քան 6,000 հեծանիվներ են գնվել և բաժանվել մեր դպրոցներին, հիմա էլ դպրոցները շարունակում են դրանք շահագործել:

Ի դեպ, ֆիզկուլտուրայի ուսուցիչներին առանձին վերապատրաստել ենք, որ կարողանան ճիշտ շահագործել հեծանիվները, նույնիսկ սկսեցին լուրեր տարածել, որ ուսուցիչներին ստիպում ենք հեծանիվ վարել: Ես կարծում եմ՝ ոչ մեկիս չէր խանգարի ավելի առողջ ապրելակերպ վարելը, բայց կուզեմ ևս մեկ անգամ ընդգծել, որ որևէ մեկին որևէ բան չենք ստիպում»,- ասաց նա։

Նախարարը տեղեկացրեց, որ այս տարի նաև մեկնարկում են դպրոցական բասկետբոլի լիգան: «Գիտեք, որ մենք հատկապես նորակառույց դպրոցներում մարզադահլիճներում ամբողջությամբ հագեցված պայմաններ ենք ստեղծում և մեր խնդիրն է ոչ միայն պայմաններ ստեղծել, այլ հետո նաև օգտագործել և շահագործել դրանք: Բասկետբոլի լիգայի անցկացումը կարծում ենք, որ մեծապես կխրախուսի նաև մեր այս ուղղությամբ աշխատանքը»,- հայտարարեց նա:

Նմանատիպ նյութեր