211652_close_icon

Պարզեցվում և հստակեցվում են քաղաքաշինական ընթացակարգերը

views-count484 դիտում article-date 11:47 22-04-2025
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել և հստակեցվել են քաղաքաշինական մի շարք
ընթացակարգեր՝ ոլորտի ներկայացուցիչների առաջարկները և արդի պահանջները հաշվի առնելով։

Մասնավորապես՝ մինչ այժմ չեն եղել էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների վերաբերյալ կարգավորումներ։

ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի 596-Ն որոշման մեջ կատարված լրացումներով և փոփոխություններով՝
հստակեցվել է էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ռիսկայնության աստիճանը։ Տարբերակված մոտեցում է
նախատեսվել ստորգետնյա և վերգետնյա հանրային տարածքներում կայանների տեղադրման պարագայում։

Հայաստանում 5G ցանցի ներդրմանն աջակցելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն շարժական կապի
օպերատորների առաջարկով պարզեցրել է բջջային կապի բազային կայանքների տեղադրման քաղաքաշինական
ընթացակարգերը։ Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով նախատեսված բջջային կապի դաշտային
կայանքները դասակարգվել են միջին ռիսկայնության (lI կատեգորիայի) օբյեկտների ցանկում, իսկ բնակելի շենքերի,
հասարակական և արտադրական օբյեկտների տանիքներում տեղակայվող կայանքները՝ միջինից բարձր ռիսկայնության (lII կատեգորիայի) ցանկում։

Հաշվի առնելով կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում urban.e-gov.am հարթակի
առանձնահատկությունները՝ նախատեսվել են նաև ավարտական, շահագործման և ընդունող հանձնաժողովի ակտերի օրինակելի ձևերի լրացման պարզեցված պայմաններ միջին ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար։

Մյուս փոփոխությունը կնպաստի քաղաքաշինական ծրագրերի նախագծման աշխատանքների ժամանակին մեկնարկմանը։ Սահմանվել է պարտադիր պահանջ, որ պետական և համայնքային բյուջեների միջոցների հաշվին
իրականացվող ծրագրերի դեպքում պատվիրատուն է պարտավոր մինչև նախագծային աշխատանքների մեկնարկը ձեռք բերել ինժեներական հաղորդակցուղիների տեխնիկական պայմանները և փոխանցել նախագծողին։

Վերոնշյալ փոփոխությունները հաստատվել են ՀՀ կառավարության 2025թ. ապրիլի 10-ի N418-Ն որոշմամբ։

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Նմանատիպ նյութեր