211652_close_icon

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչներին

views-count568 դիտում article-date 20:44 23-04-2025
Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է բրազիլական լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի։

Հանդիպմանը տիար Յակուբյանը նշել է, որ ավանդույթ է դարձել ՀԲԸՄ Բրազիլիայի գրասենյակի կողմից կազմակերպվող բրազիլական լրատվամիջոցների ներկայացուցիչների ամենամյա այցը Հայաստան, որի նպատակն է մոտիկից ծանոթանալ և Բրազիլիայի լայն հասարակությանը հաղորդ դարձնել հայ ժողովրդի պատմությանը, հոգևոր-մշակույթին ժառանգությանը և երկրում տիրող իրավիճակին։

Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել ՀԲԸՄ Բրազիլիայի գրասենյակին նման նախաձեռնության համար՝ կարևորելով օտարերկրյա լրատվական հարթակներում Հայաստանի անվտանգային խնդիրների, Արցախի բռնազավթման, արցախահայերի արդար իրավունքների, Բաքվում պահվող գերիների և հայկական հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացման մասին ճշմարտության բարձրաձայնումն ու միաջզգային հանրության իրազեկումը։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանն ու ազգապահպան առաքելությանը, Եկեղեցու կողմից արցախահայությանը ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերին, ինչպես նաև միջեկեղեցական փոխհարաբերություններին առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր