211652_close_icon
views-count4192 դիտում article-date 16:57 18-01-2014

ԼՂՀ ՊՆ-ում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ

Երեկ բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված 2013թ. բանակային տարվա արդյունքների ամփոփմանը: Նիստին ներկա էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ռազմական խորհրդի նիստի մեկնարկին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ներկայացրել է քննարկվող ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ ըստ այդ համակողմանի վերլուծության ենթարկելով բանակի մարտական և զորահավաքային պատրաստության ու պատրաստականության, մարտական հերթապահության, զորքերի ծառայության, անձնակազմի հետ տարվող աշխատանքների կազմակերպման, սպառազինության ու տեխնիկայի շահագործման ու սպասարկման, առաջնային գծի ինժեներական կառույցների կատարելագործման, թիկունքային ապահովման, զինծառայողների սոցիալական վիճակի բարելավման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ պաշտոնական կայքը: Խորհրդակցության ընթացքում ամփոփիչ խոսքով հանդես է եկել նաև ԼՂՀ նախագահը: Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը անդրադարձել է տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների ընթացիկ վիճակին, առաջնային գծի ամրապնդման, զինվորական կադրերի պատրաստման, սպառազինության թարմացման, թիկունքային ապահովման, զինծառայողներրի և նրանց ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման խնդիրներին՝ հատուկ շեշտադրում կատարելով անձնակազմի դաստիարակության և միջանձնային փոխհարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցերի վրա: Ռազմական խորհրդի նիստի ավարտին, համաձայն ՊԲ հրամանատարի "2013թ. բանակային տարվա արդյունքների և նոր ուսումնական տարվա խնդիրների մասին" հրամանի, տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված ծառայությունները, զորամասերն ու ստորաբաժանումները պարգևատրվել են պատվոդրոշներով, իսկ ծառայողական պարտականությունները գերազանց կատարած զինծառայողները արժանացել են շնորհակալության, պատվոգրերի, անվանական զենքի և դրամական ու նյութական խրախուսանքների:

Նմանատիպ նյութեր