211652_close_icon
views-count1585 դիտում article-date 18:02 05-02-2014

Ֆեյսբուքահայություն

Վերջերս շրջանառության մեջ է մտել մի նոր տերմին, որն անհապաղ պահանջում է համապատասխան վերլուծություն: Սրանով նշանակվում է, կարելի է ասել, մի ժողովուրդ` քաղաքացիություն. այն է՝ Ֆեյսբուքահայություն: Ֆեյսբուքահայությունը ներկա իրականության մեջ բավական ծանրակշիռ ձայն ունի, որովհետև «խոսում է» մի այնպիսի հարթակում` «Ֆեյս Բուք»-ում, որտեղ նրա «լսարանի» մաս են կազմում նաև այն մարդիկ, ում մասին որ խոսում է ֆեյսբուքահայությունը: Ֆեյսբուքահայության ծագումն այնքան էլ պատվաբեր չէ, ինչպես, ասենք, հայության ծագումը, որով հաճախ հագուրդ ենք տալիս մեր կոլեկտիվ փառասիրական պահանջմունքին: Մինչ Ֆ.Բ.-ի «քաղաքացի» դառնալը ներկայիս ֆեյսբուքահայության զգալի մասը «օդնոկլասնիկի. ռու»-ի «բնակիչ էր», որի առաջին «նստակյացները» կամ հագուրդ էին տալիս իրենց սեռական արկածախնդրությանը կամ կարողանում էին գրել այնպիսի բաներ, որպիսիք ամբողջ կյանքում ցանկացել են ճչալ իրական կյանքում, սակայն հանդիպել են «քյառթուների» անդիմադրելի ճնշմանը և լռել: Այսպես. իրենց բակերում «պատերի տակով ման եկող», հալածված «անհաջողակների» բազմությունը ներխուժեց սոց-կայքային իրականություն: Նրանց հետևեց (իսկ ոմանք էլ, ավելի շուտ դա կանխատեսելով, առաջ ընկան) խելացի ու ճարպիկ մարդկանց բազմություն, քանի որ խելոք մարդուն, ամեն դեպքում, բազմություն է հարկավոր, որպեսզի իրացնի իր խելոքությունը: Այսպես, ներկայումս թվով բավական քիչ մարդ կարելի է գտնել Հայաստանում (աշխարհում), ովքեր ինչ-որ կայքի (առավելապես` Ֆ.Բ.-ի) մաս չեն կազմում: Ֆեյսբուքահայությունը բաժանվում է մի քանի խավի՝ «կաստայի»: Սրանցից «ամենաանշառներին» անվանենք «ցուցամոլների կաստա»: Նրանք նկարվում են նոր գնած հագուստով՝ հնարավոր ճոխ ու թանկարժեք ժամանցի վայրում, նկարում ստացած նվերները (ցանկալի է, որ լինի, ասենք, թանկարժեք հեռախոս…), իրենց ուրախ տոներն ու արարողությունները և տեղադրում «Ֆ.Բ. »-ում` համապատասխան գրառումներով: Այստեղ ամենակարևորը նրանց ընկերների մեկնաբանություններն են. օրինակ` «վա՜յ, էս ինչ պուպուշ եք, գեղեցկուհի՛ս, կյանք ա, լսի…», որոնք պարտադիր հայտվում են նկարների ներքո և լատինատառ են: «Պարտադիր», որովհետև ամեն մի իրեն հարգող ցուցամոլ ֆեյսբուքահայ պարտավոր է իր ընկերների նկարները գովերգել, ու նույնն, անպայման, ակնկալում է իր ընկերներից: Հաջորդ «կաստան», այսպես կոչված, «լուրջ մարդիկ» են: Նրանք ունեն մի քանի նկար՝ հետևյալ գրառումներով`«աշխատասենյակում», «համակարգչի առաջ», «աշխատելիս»: Իհարկե, նկարում առավել ընդգծված է փողկապը, ցանկալի է՝ ակնոց, նկատվում է նաև տենդենց դեպի մորուքը, մանավանդ, եթե օգտատերը առնչվում է մշակույթին: Իսկ ազգային մշակույթի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալողի մոտ, մորուքը գրեթե պարտադիր է: Այս վերջինի պարագայում ավելանում են խաչքարերի, հայկական տարազի կամ, ասենք, դուդուկի և ծիրանի հետ աղերսվող պատկերներ: Քանակով և գործունեությամբ մեծ տեղ է զբաղեցնում «ընդդիմադիրների» կաստան, ովքեր, իհարկե, կարող են միաժամանակ ընդգրկված լինել նաև նախորդ երկու կաստաներից մեկում կամ երկուսում էլ միանգամայն: Վերջիններս, զինված համբերատարությամբ, ձգտում են «Արաբական գարուն»-ի փորձը կիրառել նաև Հայաստանում: Մյուս կաստան կանվանենք «ընդդիմության ընդիմություն»: Եթե ընդդիմությունը երբեմն լուրջ և իրատեսական, երբեմն էլ անհիմն ու գռեհիկ քննադատության է ենթարկում ողջ կառավարությանը և, որ ամենակարևորն է, ջանասիրաբար հայհոյում թե՛ առանձին մարդկանց, ովքեր փորձում են պաշտպանել կառավարության մի անդամի գոնե մի գործողություն, թե՛ ողջ կառավարությանը, ապա «ընդդիմության ընդդիմությունը» նույնն անում է «ընդդիմության» նկատմամբ: Մի հոդվածի կամ տեսանյութի ներքո կարելի է տեսնել ամենագռեհիկ հայհոյանքները, որոնք հնչում են երկուստեկ: Նրանք նրանց են հայհոյում, վերջիններս էլ առաջիններին, և սրանցից ոչ մեկն էլ չի հոգնում, այլ ընդհակառակը՝ բոլորն էլ բարեխղճորեն իրենց կյանքից օրական մեկ-երկու ժամ տրամադրում են այս վերտուալ «ջիհադին», որում «քաջերը, քաջերի դեմ դուրս գալով, ոչ մեկը հաղթում է և մյուսն էլ պարտվում», այլ հարատև «պայքարում են»: Ի՛նչ խոսք, աշխարհում հնարավոր է, որ լինեն այնպիսի միամիտ մարդիկ, ինչպես, օրինակ, տողերիս հեղինակը, որ փորձեն` հասկանալ այս ամենի իմաստը, սակայն գոնե տողերիս հեղինակին դեռևս լուրջ իմաստ հայտնի չէ. եթե իրական կյանքում մեկին հայհոյում ես, ապա ենթադրվում է բռնցկամարտ և հաղթված ու պարտված վիրավոր քաջեր, իսկ այստեղ ո՛չ մեկը կա, ո՛չ էլ մյուսը: Մնում է ենթադրել, որ դրա միջոցով մարդիկ հագուրդ են տալիս իրենց ցասումնական ոգու պահանջմունքին, որն իհարկե կարող է միայն տեղային ցավազրկողի դեր կատարել, այն էլ՝ թմրանյութի պես անընդհատ պահանջելով նոր, ավելի մեծ դոզա: Երևի, սպասվում է, որ տողերիս հեղինակը պետք է կոչ անի, որպեսզի մարդիկ դադարեն միմյանց կեղտոտ, ընտանիքի անդամներին ու այլ սրբություններին առնչվող հայհոյանքներ գրելուց՝ մատնացույց անելով, որ այդ ամենը կարող է և կարդում է մատաղ սերունդը, որոնց ներկայությամբ իրական կյանքում երկու կողմերի ներկայացուցիչներն էլ իրենց հայհոյել թույլ չէին տա, սակայն տողերիս հեղինակը, իբրև գիտական ուսումնասիրող, զերծ է մնում գնահատական կամ խրատ տալուց՝ արձանագրելով միայն փաստերը: Վերջում մնում է միայն ավելացնել, որ ֆեյսբուքահայության մի զգալի մաս է կազմում նաև Օրտեգա-ի-Գասետի ասած «բոլորն անում են, ես էլ եմ անում», սկզբունքով առաջնորդվող մարդիկ: Ներկա են նաև լուռ դիտողներ, կամ իրենց օտարերկրյա բարեկամների հետ կապ պահող անձինք: Կան բազմապիսի այլ հետաքրքրություններ ունեցող Ֆեյսբուքահայության անդամներ, որոնք առանձնապես ակտիվ էլ չեն: Կան նաև այնպիսի մարդիկ ովքեր ոչ մի կաստայի չեն պատկանում ու հնարավոր էլ չէ ինչ-որ կերպ ուսումնասիորության ենթարկել նրանց գործունեությունը, առնվազն՝ դեռևս: Բացի այս վերջին հանգամանքն էլ, ներկա ակնարկը բնավ չի հավակնում տալ այնպիսի բազմաբնույթ իրականության ամբողջական պատկեր, ինչպիսին մեր չքնաղ Ֆեյսբուքահայությունն է: ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Նմանատիպ նյութեր