211652_close_icon
views-count12124 դիտում article-date 11:48 13-02-2014

Հովիկ Աբրահամյանը մի խումբ պատգամավորների ու պաշտոնատար անձանց «բերման էր ենթարկել» խրամատներ

Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելել ՝է Տավուշի մարզի զորամասերից մեկը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԺ նախագահին ուղեկցում էին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և այլ պաշտոնատար անձինք: ԱԺ նախագահն իր ելույթում նշեց, որ իր այցի նպատակը մեր բանակի զինվորների առօրյա խնդիրներին ծանոթանալն է: Բացի այդ, նա կարևորեց հանգամանքը, որ հայոց բանակի ծառայողների հետ կապված բոլոր խնդիրները ՀՀ նախագահի և կառավարության մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում: Խոսելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններից՝ ԱԺ նախագահն ասաց. «Մենք, ի հակառակ Ադրբեջանի իշխանությունների, քարոզում ենք, որ մեր առջև դրված խնդիրները պետք է լուծենք խաղաղ բանակցությունների արդյունքում, սակայն դա չի լինում միակողմանի: Ինչևէ, Ադրբեջանի իշխանությունները դեռևս ողջամիտ քաղաքականություն չեն դրսևորում: Իհարկե, մենք ցանկանում ենք խաղաղություն, բայց եթե մեզ պարտադրեն պատերազմ, մենք կտանք արժանի հակահարված եւ կպաշտպանենք մեր հայրենիքը, մեր հողը, մեր ջուրը»: ԱԺ նախագահը շրջայց կատարեց զորամասում, ծանոթացավ զինվորների առօրյային ու խնդիրներին, որից հետո բարձրացավ սահմանային հենակետ, թեյեց զինվորների և սպայական կազմի հետ և խոստացավ լուծում տալ նրանց խնդիրներին: Հ. Աբրահամյանը զորամասին նվիրեց այլընտրանքային հոսանքի աղբյուր հանդիսացող սարքեր, հեռուստացույց, DVD նվագարկիչ և այլն: Հրաժեշտ տալով զինվորներին և մաղթելով նրանց անվտանգ և խաղաղ ծառայություն՝ ԱԺ նախագահը մեկնեց Բերքաբեր համայնք: Այնտեղ նա այցելեց վերակառուցված դպրոց և տեղում ծանոթացավ խնդիրներին ու պայմաններին: Դպրոցի տնօրեն Վոլոդյա Բալասանյանը ԱԺ նախագահի հետ շրջեց դպրոցում և ներկայացրեց դպրոցի խնդիրները: Միաժամանակ նշեց, որ որոշ դասասենյակներ թշնամու թիրախի տակ են գտնվում, որի պատճառով դրանցում դասեր չեն անցկացվում: Հ. Աբրահամյանը խոստացավ դասասենյակների պատուհաններին զրահապատ լուսամուտներ տեղադրել:Նա դպրոց ևս ձեռնունայն չէր գնացել և դպրոցին նվիրեց սպորտային պարագաներ և համակարգիչներ: Դպրոց այցելելուց հետո ԱԺ նախագահը հանդիպեց գյուղաբնակների հետ և տեղեկացավ գյուղի բազմաթիվ խնդիրներին, այդ թվում՝ ջրամատակարարման, գազամատակարարման և աշխատատեղերի ստեղծման: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԱԺ պատգամավորները այցելեցին նաև գյուղի նորակառույց եկեղեցի: Հովիկ Աբրահամյանի հաջորդ կանգառը Վազաշենն էր: Նա հետևեց Տավուշի մարզի Բերդ-Իջեւան մայրուղու Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցվող շրջանցիկ ճանապարհի շինարարական աշխատանքներին: Ազգային ժողովի նախագահը կարևորեց այս համայնքներում դեմոգրաֆիական խնդիրը: Նա անհրաժեշտ համարեց սահմանամերձ համայնքներում ծնելիության խթանմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ 2014 թվականից յուրաքանչյուր ընտանիքում ծնված երեխայի համար Ազգային ժողովը կփոխանցի100 .000-ական դրամ` ներառելով 2013թ. ծնվածներին: Այնուհետ Հովիկ Աբրահամյանը մեկնեց Ազատամուտ համայնք, որտեղ գյուղի մշակույթի տանը հանդիպեց համայնքի բնակիչների հետ և ծանոթացավ նրանց խնդիրներին: Նա խոստացավ ֆինանսական աջակցություն հատկացնել երաժշտական դպրոցին: Ազատամուտում ԱԺ նախագահը ծաղիկներ դրեց «Մահ իմացյալ անմահություն» հուշակոթողին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+

Նմանատիպ նյութեր