211652_close_icon
views-count2950 դիտում article-date 22:00 15-02-2014

Անհիմն մեղադրանք առաքելական եկեղեցուն (Սուրբ Սարգիս)

Եթե այսօր, կաթոլիկների հետ կապված, անտեղի չէ խոսելն այն մասին, որ Առաքելական եկեղեցու զավակին չի վայելում Վալենտինի ոգեկոչությունը, և հային չի վայելում, անտեսելով իր բազմադարյան մշակույթը, տոնել օտարականի տոնը` մտնելով Կոստան Զարյանի նախատինքի տակ, ով վստահ էր, որ իր արմատներից հեռացող հայը կապկող հայ է, ապա ընդհանրապես սրբերին վկայակոչելու, նրանց բարեխոսությունը խնդրելու համար առաքելական եկեղեցին միշտ մեղադրվում է տարբեր աղանդների կողմից. «Կյանքի խոսք», «Ռեմա», «Նոր առաքելականներ», «Հոգեգալստականներ», մի խոսքով` ամբողջ Ավետարանական և Ավետարանչական «ընտանիքներ» և «Եհովայի վկաներ» ու «մորմոններ»: Հպանցիկ նշենք, որ աղանդ է համարվում այն քրիստոնեական կառույցը, որը եկեղեցի չէ, որովհետև չի հիմնադրվել Քրիստոսի առաքյալների կողմից, բայց իրեն հորջորջում է եկեղեցի: Գրեթե բոլոր աղանդավորական կառույցները չեն ընդունում սրբերի բարեխոսությունը և Սուրբ Սարգիսն էլ բացառություն չէ. նրանք իրենց այս ուսմունքը «հիմնավորում են»՝ Ավետարանից վկայակոչելով հետևյալ տողը. «…քանզի մե՛կ Աստված կա և մե՛կ միջնորդ` Աստծո և մարդկանց միջև. Հիսուս Քրիստոս (Ա Տիմոթ.2:5)»: Նրանք գտնում են, որ սրբերի բարեխոսության ընդունման դեպքում այլևս չի լինի «մեկ միջնորդ», այլ այնքան, որքան սուրբ որ կա: Հպանցիկ նշենք, որ աղանդավորների խորին համոզմամբ, իրենք բոլորը սրբեր են!!!: Բոլոր առաքելահաստատ եկեղեցիները, որոնց մեջ իր պանծալի տեղն ունի մեր Առաքելական եկեղեցին, գտնում են, որ միակ միջնորդը Տեր Հիսուսն է, իսկ սրբերը, ի թիվս այլ գործառույթների, նաև բարեխոս են: Եվ այս մոտեցումը հիանալիորեն հիմնավորում են Աստածաշնչում հանդիպող բազմաթիվ տողեր: Օրինակ. Հայտնության գրքում Հովհաննես Ավետարանիչը նկարագրում է, որ տեսնում է երկնային խորանի տակ այն բոլոր սրբերի հոգիները, որոնք սպանվել էին Աստծո խոսքի համար, և նրանք ասում էին (իմա.` բարեխոսում էին).«Սո՛ւրբ և ճշմարի՛տ Տեր, մինչև ե՞րբ պիտի չդատես և մեր արյան վրեժը չլուծես երկրի բնակիչներից (Հայտն. 6:10)»: Մեկ այլ տեղ Տեր Հիսուսը հստակ ասում է. « Աստված մեռելների աստվածը չէ (Մտթ.22:32)» և այս արտահայտությունն անում է՝ հիշատակելով Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, մարդիկ, ովքեր շատ վաղուց ննջել էին: Եվ քանի որ սրբերը հոգով ապրում են (իսկ հոգին ամեն դեպքում անմահ է), ուրեմն սրբերը Երկնքի արքայության մեջ շարունակում են աղոթել դեռևս երկրի վրա ապրող մարդկանց համար. հենց այս աղոթքն էլ կոչվում է բարեխոսություն: Սրբերը նաև իրենց ապրած կյանքով ու, մանավանդ, մահով, սովորեցնում են, թե ինչպես պետք է ապրի ու մեռնի ճշմարիտ քրիստոնյան, և բնավ պատահական չէ, որ Պողոս առաքյալը բազմաթիվ անգամներ իր կյանքից օրինակներ է բերում, երբեմն էլ հստակ ասում «…նմանվեցե՛ք ինձ (Ա Կորն. 4:16) կամ`«…մենք, որ օրինակ ենք ձեզ համար (Փիլիպ. 4:17)», ևայլն: Ահա այսքանը մտքում ունենալով է, որ պետք է լսենք Սուրբ Սարգսի կյանքն ու նահատակությունը. նա կառուցել էր ճմարիտ սիրո վրա հիմնված սուրբ ընտանիք, սուրբ ընկերություն և առաջնորդվելով Տեր Հիսուսից՝ առաջնորդում էր իր ընտանիքն ու ընկերությունը: Իսկ մի անսպասելի օր նրան առաջարկվեց, հետո էլ՝ մեծ տանջանքներով ստիպվեց` ուրանալ Քրիստոսին: Իսկ բոլոր սրբերը խորապես հասկանում են այս միտքը, որ Տերն ավանդեց բոլոր մարդկանց. «Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հոր առաջ, որ երկնքում է: Եվ ով ինձ կուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առաջ…(10:32-33)»: Եվ ահա այս պատգամն է Սուրբ Գրիգոր Նարեկացուն ստիպում պաղատագին դիմել Տիրոջը, որպեսզի չարժանանա հետևյալ խոսքին. «…ձեզ չեմ ճանաչում (Մտթ.25:12)»: Սուրբը հանձն առավ մահը` հանուն Ճշմարտության` Աստծո, հանուն Սուրբ երրորդության և ծագեց Արքայության մեջ` լքելով աշխարհը, որը նրան արժանի չէր և չէ: Սուրբ Սարգսի վարքը մեզ սովորեցնում է քրիստոնյայի ողջ անձնական կենցաղավարությունը, և երանի թե Սարգսի անցյալը մեր ապագան լինի ու Սարգսի և մնացած սրբերի հետ մեր հավիտենական խաղաղությունը գտնենք Աստծո ծոցում: Ում և՝ փառք, իսկ մեզ՝ խաղաղություն, հավիտյանս, ամե՛ն: [b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր