211652_close_icon
views-count1378 դիտում article-date 17:15 15-02-2014

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը՝ ԵԿՄ 10-րդ համագումարի մասնակիցներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ուղերձ է հղել Երկրապահ կամավորական միության 10-րդ համագումարի մասնակիցներին: Ուղերձում ասված է. «Երկրապահ կամավորական միության հարգելի անդամներ, Համագումարի հարգարժան մասնակիցներ, Ի սրտե ողջունում եմ բոլորիդ եւ շնորհավորում միության հոբելյանական` 10-րդ համագումարի կապակցությամբ: Երկրապահ կամավորական միությունն ստեղծվել է Արցախյան ազատամարտի տարիներին եւ առաջին իսկ օրից կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում: Մեծ է ձեզնից յուրաքանչյուրի ավանդը հակառակորդի կողմից մեզ պարտադրված պատերազմի հաղթական ավարտի ապահովման մեջ: Հայ ժողովրդի արժանի զավակների սուրբ արյամբ են գրվել մեր նորագույն պատմության ոսկե էջերը: Նրանց սխրանքն ու հերոսությունն ընդօրինակման առարկա կլինեն դեռ շատ սերունդների համար: Հավե՜րժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին: Կարող ենք վստահությամբ ասել, որ երկրապահներն անգնահատելի դերակատարություն են ունեցել մեր անկախության կերտման եւ հայոց բանակի ստեղծման գործում: Այսօր էլ կազմակերպության անդամներն ակտիվորեն մասնակցում են հայրենիքի զորացմանը, հարազատ ժողովրդի բարգավաճմանը, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Սա դժվարին ու ազգանպաստ առաքելություն է, որը դուք իրականացնում եք արժանապատվորեն: Թանկագին բարեկամներ, Երկրապահ կամավորական միության բոլոր անդամներին մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք, համագումարի մասնակիցներին` հաջող ու արդյունավետ աշխատանք>>:

Նմանատիպ նյութեր