Իրանը սպառնում է զինված ներխուժում կատարել Պակիստան
Իրանի զինված ուժերը կմտնեն Պակիստան, եթե այդ երկիրն ահաբեկչական խմբավորումների դեմ հակադարձ գործողությունների չձեռնարկի: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ՆԳ նախարար Ռեհմանի Ֆազլին:
Նրա խոսքով՝ Իրանը մեկ անգամ չէ, որ խնդրել է Պակիստանին ապահովել իրանա-պակիստանյան սահմանի պակիստանյան հատվածի անվտանգությունը:
«Եթե Պակիստանն ի վիճակի չէ իր անվտանգությունը ապահովել, այդ դեպքում Իրանն իր ուժերը կուղարկի այդ երկիր, որպեսզի ապահովի սեփական անվտանգությունը»,-ասել է իրանցի նախարարը՝ շեշտելով, որ Իրանն ունի այդ իրավունքը և չի սպասի Պակիստանի պատասխանին:
Հիշեցնենք, որ վերջերս իրանա-պակիստանյան սահմանի մոտ պակիստանցի ահաբեկիչներն առևանգել են իրանցի 5 սահմանապահների: Առևանգման պատասխանատվությունն իր վրա է վերցրել ահաբեկչական «Ջայիշուլ-Ադլ» խմբավորումը: