211652_close_icon
views-count1542 դիտում article-date 16:00 28-02-2014

Լևոն Տեր-Պետրոսյանը Արամ Մանուկյանի ձեռքի թաշկինակը չի, որ տանի-բերի. Գալուստ Սահակյան

«Մարտի 1-ը չի բացահայտվում, քանի որ որևէ անձ այս տարիների ընթացքում վկայություն չի տալիս, այն դեպքում, երբ հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել»,- այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Այս հանձնաժողովն էլ, եթե կազմավորվի, 4-րդն է լինելու, հետևաբար, չեմ կարծում, որ մեծ դերակատարում կունենա: Հանցագործությունները բացահայտելու համար կա լիազորված մարմին»,-նշեց Գալուստ Սահակյանը և համոզմունք հայտնեց, որ մարտի 1-ը, միևնույն է, բացահայտվելու է: Նրա կարծիքով՝ ընդդիմությունը հանձնաժողով ստեղծելու հարց է բարձրացրել, որ հետո չստեղծվելու դեպքում ասի՝ տեսեք, առաջարկեցինք, բայց չստեղծեցին: Գ. Սահակյանը նշեց նաև, որ իրենք մինչև ամսի 10-ը ժամանակ ունեն վերջնական պատասխան տալու համար, հետևաբար այդ ժամանակահատվածում ներքին շրջանակում կքննարկեն և հանրությանը կհայտնեն իրենց տեսակետը: Արձագանքելով Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե՝ «տարեք Լևոն Տեր-Պետրոսյանին հարցաքննեք, եթե պետք է, դատեք», Գ. Սահակյանն ասաց, որ չի կարելի ցինիզմը հասցնել նրան, իբրև թե այնքան են, որ պահանջում են Լևոն Տեր Պետրոսյանի ներկայությունը, և ինքը վիրավորվում է, քանի որ գոյություն ունի նախագահի ինստիտուտ և պետք է հարգանքով վերաբերվել. «Լևոն Տեր-Պետրոսյանը Արամ Մանուկյանի ձեռքի թաշկինակը չէ, որ տանի-բերի»,-հիմնավորեց նա: Իսկ լրագրողների դիտարկանը, թե ՀԱԿ-ն ասում է, որ մարտի 1-ի գործը կբացահայտվի այն դեպքում, եթե իշխանությունը հեռանա, Գալուստ Սահակյանը նշեց, որ ՀՀՇ-ն դարձավ ՀԱԿ տարիների ընթացքում, բայց ՀՀՇ-ի օրոք տեղի ունեցած հանցագործություններն այդպես էլ չբացահայտվեցին:

Նմանատիպ նյութեր