211652_close_icon
views-count1122 դիտում article-date 17:43 04-03-2014

Մեծ Մանթաշի դպրոցը վերածվել է աշխույժ շինհրապարակի

Մեծ Մանթաշ գյուղի դպրոցի 4 մասնաշենքերը կապող 5-րդ մասնաշենքի տարածքում սովորական շինարարական աշխատանքներ էին ընթանում երբ մարտի 4-ին շինհրապարակ այցելեցին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը և նախարարության այլ պատասխանատուներ: Տեղեկացնենք, որ 70-ական թվականներին կառուցված այս դպրոցը բաղկացած է եղել 7 մասնաշենքից և նախատեսված է եղել 1200 աշակերտի համար: Վերակառուցման այս նախագիծը իրականացվել է 360 աշակերտական տեղի համար: Ներկայումս դպրոց է հաճախում 274 աշակերտ, որի պատճառով վերակառուցման են ենթարկվել 7 մասնաշենքերից 4-ը, իսկ ներքին բակի տեղում կառուցվում է 5-րդ նոր մասնաշենք: <<Մեծ Մանթաշի դպրոցը քաղաքաշինության նախարարության որդեգրած կրթական, մշակութային և մարզական օբյեկտների հիմնանորոգման ու կառուցման առնչությամբ որդեգրած նոր ռազմավարական սկզբունքների համաձայն է վերակառուցվում: Նախ պարզվել է շենքի սեյսմազինվածության աստիճանը, որը գնահատվել է 3-րդ կարգի վնասվածության, ապա ուժեղացման աշխատանքներ, որից հետո միայն սկսվել են վերակառուցման աշխատանքները>>,- նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: Նա բացառեց անբավարար տեխնիկական վիճակում գտնվող օբյեկտներում հիմնանորոգումների իրականացումը` առանց դրանց ուժեղացման - վերականգնման աշխատանքների կատարման: <<Նախ, վեր ենք հանելու բյուջեում ընդգրկված 2-րդ և 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող օբյեկտներն ու գնահատելու ենք դրանց սեյսմազինվածության աստիճանը: Ապա, իրականացնելու ենք ավելի մեծածավալ ու առավել հուսալի միջոցառումներ, որոնք հետագայում կապահովեն կարևորագույն օբյեկտների սեյսմիկ անվտանգության նվազագույն պահանջները>>,- ընդգծեց նախարար Թադևոսյանը: Շրջայց կատարելով շինհրապարակի վերածված դպրոցի տարածքում` պարոն Թադևոսյանն իր գոհունակությունը հայտնեց շինարարներին կատարվող աշխատանքի որակի և ժամկետների պահպանման առնչությամբ` հույս հայտնելով, որ արդեն այս սեպտեմբերին գյուղի երեխաները կայցելեն վերակառուցված, հարմարավետ դպրոցը: <<Քաղաքաշինական>> ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանը տեղեկացրեց, որ դպրոցի վերակառուցման աշխատանքները սկսվել են 2013 թվականին: Դպրոցի առաջին մասնաշենքի 1-ին հարկում տեղակայված են հանդերձարանները, տնօրինության, բժշկի սենյակը, ուսուցչանոցը, 290 տեղանոց հանդիսությունների դահլիճը` բեմով, հետբեմային սենյակով, հանդերձարաններով, գրադարանով: Երկրորդ մասնաշենքում տեղադրված են սանհանգույցները, աշխատանքի ուսուցման արհեստանոցը, ճաշարանը իր խոհանոցով և օժանդակ շենքերով ու տարրական ուսուցման դասասենյակները: Երկրորդ և երրորդ մասնաշենքերում գտնվում են դասասենյակներ, լաբորատորիաներ և սանհանգույցներ: Չորրորդ մասնաշենքում են` մարզադահլիճը, հանդերձարանները, ցնցուղարանները, մարզագույքի և մարզիչի սենյակները, ռազմագիտության կաբինետը իր զինապահոցով և տնարարության կաբինետը: Դպրոցի գլխավոր ճակատը երեսապատված է Անիի և Արթիկի սրբատաշ տուֆե սալերով: Մասնաշենքերի հին տանիքները փոխարինվել են նորերով, մինչ այդ կատարվել է ծածկերի ուժեղացման աշխատանքներ: Դպրոցում անցկացվում է կենտրոնական ջեռուցման համակարգ: Դպրոցի վերակառուցման վրա ընդհանուր առմամբ կծախսվի շուրջ 500 մլն դրամ:

Նմանատիպ նյութեր