211652_close_icon
views-count1555 դիտում article-date 18:34 03-04-2014

Վատ լուրի աղբյուրը և հետևանքը. հոգեբանների կարևոր խորհուրդը

Մեր բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լրատվական նյութը հանրության ուշադրությունը գրավում է առավելապես այն ժամանակ, երբ լրատվությունը պարունակում է սկանդալ, դժբախտություն, հանցագործություն, մի խոսքով, վատ բան: Սա հիանալիորեն գիտակցում են լրագրողները և շատ կարիերիստներ, «չոփը գերան դարձնելով» ներկայացնում լայն հանրությանը: Շատ հեղինակավոր լրագրողներ հանդես են եկել և շարունակում են հանդես գալ ընդդեմ նման գործելակերպի, սակայն վատ լուրեր փնտրողը շարունակում է գտնել ու, ամեն ինչ հազարապատիկ չափազանցնելով, ներկայացնել: Սա տեղի ունի, որովհետև կա դրա սպառողը: Լրատվության սպառողը և տրամադրողը, կարծես, մի տեսակ, լուռ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի շրջանառվի առավելապես վատ նորությունը: Ընդհանրապես ասված, լրագրության (ներկայիս) չափանիշը հետաքրքիր է: Կարևոր չէ հաղորդումը արվեստ է, թե ռաբիս, բարի է, թե չար, իրական դեպք է, թե ենթադրություն կամ հավանական կանխատեսում (ի՛հարկե ենթադրության դեպքում հայտնվում է, որ սա միայն մեր կարծիքն է կամ շեշտվում` ոչ հավաստի աղբյուր հասկացությունը): Սակայն հարցն այստեղ այլ է. ինչո՞ւ է վատն ավելի հետաքրքիր, քան լավը: Հոգեբաններն այս հարցին տալիս են տարբեր պատասխաններ, երբեմն մեկը մյուսին լրացնող, երբեմն էլ միմյանց հակասող. ոմանց կարծիքով մարդիկ ուղղակի «թամաշայի» կարիք ունեն, և այս թամաշայությունը հատուկ է մարդ արարածին: Դեռևս հին հույները, ամեն գնով, փորձում էին լինել մեծարման` դրական թամաշայի առարկա: Եվ քանի որ մնացած բոլորը նրանց համար մրցակիցներ էին, նրանք երազում էին իրենց մրցակցի կործանումը, և եղած անհաջողությունը արագ տարածում էին պոլիսով (քաղաք-պետություն) մեկ: Ահա, թե որտեղից ծագեց թատրոնը: Ոմանք կարծում են, թե մարդիկ սուր զգացողությունների կարիք ունեն և, տեսնելով ուրիշի էքստրեմալ դրությունը, մտովի իրենց են վերագրում (պրոյեկտում) այդ դրությունը ու, ապրումակցման միջոցով, վերապրում այդ զգացումները: Սրան էլ ուղեկցում է մեկ այլ հաճելի զգացում, որը գալիս է այն գիտակցումից, թե տեղի ունեցածի տուժածը ինքը չէ: Ստացվում է անվճար հաճույք: Այլ, ավելի հոռետես, մտածողներ պնդում են, որ մարդն ի բնե չար է, հակառակ դեպքում պետք չէր լինի երեխաներին դաստիարակել, բարոյական նորմեր սովորեցնել: Եվ որովհետև, որքան էլ մարդուն դաստիարակես, միևնույն է, նրա բուն էությունը (չարությունը) իրեն զգալ է տալիս, այս չարության պահանջը բավարարվում է ուրիշին չարախնդալով կամ ուրիշի դժբախտությունից հաճույք ստանալով: Կա նաև առաջինն իմանալու և ուրիշներին առաջինը տեղյակ պահելու ցանկությունը, որի վնասները լավագույնս արտահայտում է Գրգոր Զոհրապն իր նորավեպերում: Վերջապես, հոգեբանները, անկախ այն բանից, թե ինչու ենք վատ նորություն փնտրում, խորհուրդ են տալիս, հեռու մնալ դրանից, հնարավորինս լավ նորությունների հետամուտ լինել և փնտրել գեղեցիկը, լավն ու բարին: Սա ոչ միայն մարդուն ավելի դրական է դարձնում, այլ օգնում է վատ իրավիճակներում ավելի ճիշտ կողմնորոշվել: Ցանկացած անարդարություն ավելի արագ նկատել և ցանկացած խնդրի լուծումն ավելի արագ և հեշտ գտնել: Ի վերջո, լինել ավելի լավատես ու երջանիկ: [b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր