211652_close_icon
views-count1477 դիտում article-date 18:48 03-04-2014

Շարունակվում է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիա

Շարունակվում է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիա, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Ապրիլի 2-ին պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդիր մարմնի՝ Բունդեսթագի մի շարք պատգամավորների, այդ թվում՝ քրիստոնյա-դեմոկրատ Մայք Բերմանի եւ սոցիալ-դեմոկրատ Շտեֆեն-Կլաուդիո Լեմմեի հետ: Հանդիպումների ընթացքում գերմանացի օրենսդիրներին ներկայացվեցին ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացի առանձնահատկությունները։ Միեւնույն ժամանակ, շեշտվեց միջազգային գործընթացներին Արցախի ներգրավման կարեւորությունը, ինչը լուրջ հիմք կարող է հանդիսանալ ժողովրդավարական արժեքների եւ ազատությունների ամրապնդման գործում: Քննարկվեցին նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող եւ տարածաշրջանային բնույթի մի շարք հարցեր: Բունդեսթագում կայացած հանդիպումներին ԼՂՀ պատվիրակությանն ուղեկցում էր Բեռլինի Ազատ համալսարանի դոկտորանտ, ծագումով արցախցի Անդրանիկ Ասլանյանը: Նույն օրը երեկոյան Բեռլինի Լիխտեմբերգ թաղամասի եկեղեցուն կից գործող սրահում տեղի ունեցավ Արցախի խորհրդարանի նախագահի հանդիպումը ԳԴՀ մայրաքաղաքի հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Դիմելով ներկաներին, Աշոտ Ղուլյանն արցախցիների անունից շնորհակալություն հայտնեց գերմանահայ համայնքին՝ ԼՂՀ-ին ցուցաբերվող մշտական օգնության եւ աջակցության համար եւ պատմեց վերջին տարիներին Արցախի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ոլորտներում իրականացված բարեփոխումների, արձանագրված հաջողությունների մասին: Հանդիպման ավարտին, ի նշան երախտագիտության, Բեռլինի հայկական եկեղեցական եւ մշակութային համայնքը, Բեռլինի հայ համայնքը եւ Հայ ու եվրոպացի մասնագետների ասոցիացիան ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահի կողմից պարգեւատրվեցին Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 25-ամյակի հուշամեդալով: ԼՂՀ պատվիրակության այցը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր