211652_close_icon
views-count1838 դիտում article-date 10:55 11-04-2014

Թուրքիան իր ներկայիս քաղաքական վիճակով չի կարող լինել Եվրամիության անդամ. Գերմանիա

Թուրքիան իր ներկայիս քաղաքական վիճակով պատրաստ չէ և չպետք է դառնա Եվրամիության անդամ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մտերիմներից մեկը՝ Դևիդ ՄաքԱլիստերը Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության նիստում: Վերջինս նաև համարվում է առաջատար թեկնածու Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում: ՄաքԱլիստերը խստորեն քննադատել է թուրքական իշխանությունների վերջին գործողությունները: «2014-ին Թուրքիան ավելի, քան երբևէ, չի համապատասխանում Եվրոպական միության չափանիշներին: Անկախ ընթացիկ բանակցություններից, ես չեմ կարող պատկերացնել Թուրքիան՝ որպես ԵՄ-ի լիիրավ անդամ: Խոսքն այն մասին չէ, թե Թուրքիան պատրա՞ստ է անդամակցել ԵՄ-ին: Նա պատրաստ չէ: Խնդիրն այն է, որ Եվրոպան դեռ պատրաստ չէ նրան ընդունելու: Նման չափերի երկիրը և տնտեսական, և քաղաքական առումով մեծ բեռ կդառնա Եվրամիության համար»,-ասել է գերմանացի պաշտոնյան: Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի իշխանություններն արգելափակեցին Twitter միկրոբլոգային ծառայությունը և YouTube տեսահոսթինգը: Ներկա պահին թուրքական դատարանի որոշմամբ ծառայությունների վրայից հանվել է արգելափակումը: Ի դեպ, Թուրքիայի հասցեին քննադատություններ են հնչել նաև Նիդեռլանդների խորհրդարանում: Հոլանդացի պատգամավորները կոչ են արել վերանայել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում Նիդեռլանդների կառավարության դիրքորոշումը: Խորհրդարականների կարծիքով՝ Եվրամիությունը պետք է դադարեցնի Թուրքիային՝ որպես ԵՄ-ին անդամակցել պատրաստվող երկրի՝ աջակցություն ցուցաբերելը: Առաջարկն արդեն իսկ հավանության է արժանացել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեի կողմից:

Նմանատիպ նյութեր