211652_close_icon
views-count957 դիտում article-date 16:57 25-04-2014

Հայաստանում կգործի դանիական կրթական ծրագիր

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Զիլանդի Բիզնեսի և տեխնոլոգիաների ինստիտուտի /Դանիա/ պատվիրակությանը: Սա դանիական պատվիրակության երկրորդ աշխատանքային այցն է Հայաստան, նրանք հետարքրքված են Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարով՝ համապատասխան մասնաճյուղի բացման և համատեղ կրթական աստիճանների շնորհման տարբերակով: Հանդիպման ընթացքում հյուրերը Ա. Աշոտյանին ներկայացրել են Զիլանդի Բիզնեսի և տեխնոլոգիաների ինստիտուտի գործունեությունը՝ տեղեկացնելով, որ իրենք հետաքրքված են հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական ծրագրերով: Արմեն Աշոտյանը, ողջունելով համագործակցության առաջարկը, նշել է բարձրագույն կրթության միջազգայնացումը Հայաստանի կրթության համակարգի առաջնահերթություններից է և Հայաստանը շահագրգիռ է միջբուհական կապերի զարգացման ծրագրերով: Կողմերը քննարկել են նաև Հայաստանում բուհական «կամպուս» ստեղծելու հնարավորության հեռանկարը և այս համատեքստում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարը կարևորել է բարձրագույն կրթության ոլորտում ներդրումների ներգրավումը: Որպես համագործակցության հաջողված օրինակ` Արմեն Աշոտյանը նշել է, որ հայկական տեխնիկական բուհերը հաջողությամբ համագործակցում են այդ ոլորտի խոշոր ընկերությունների հետ, մասնավորապես Սինոփսիս, Սամսունգ և այլն: Ա. Աշոտյանը ներկայացրել է նաև ՀՀ բարձրագույն կրթության համակարգը՝ շեշտելով, որ Հայաստանի բուհերում մեծ թիվ են կազմում նաև օտարերկրյա ուսանողները` Իրանից, Հնդկաստանից, Արաբական երկրներից, Ռուսաստանից, ինչպես նաև Սփյուռքից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարության նախագահության ստանձնման և Երևանում 2015-ին նախարարական գագաթաժողովի անցկացման հարցերին:

Նմանատիպ նյութեր