5286 դիտում
16:36 06-05-2014
Հուլիսի 13-20-ը անցկացվելու է «Ոսկե ծիրան» 11-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ, Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությունը` ս. թ. հուլիսի 13-20-ը կանցկացնի «Ոսկե ծիրան» 11-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնը կհյուրընկալի համաշխարհային կինոարվեստի, մասնավորապես` հեղինակային կինոյի նշանավոր ներկայացուցիչների:
«Ոսկե ծիրան» 11-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը նվիրվում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին: Փառատոնի շրջանակում տեղի կունենա ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, ինչպես նաև կներկայացվեն տարբեր տարիներին ստեղծված Ս. Փարաջանովին նվիրված ֆիլմեր: Փառատոնի օրերին «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի նաև լուսանկարչական ցուցահանդես` նվիրված Փարաջանովին:
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնն այս տարի ստացել է ավելի քան 1500 հայտ` աշխարհի 101 երկրից /2013 թ.՝ 1200 ֆիլմ/, ինչը վկայում է կինոփառատոնի հանդեպ օրեցօր մեծացող հետաքրքրության մասին: Փառատոնը նաև կպահպանի Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ավանդական դարձած մրցույթները, որոնք կգնահատվեն հրավիրյալ ժյուրիների կողմից: «Ոսկե ծիրանի» արտամրցութային ծրագրերը բազմազան են. առանձնակի նշանակություն և կարևորություն ունեն «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերը:
Կինոցուցադրությունները կուղեկցվեն ռեժիսորների հետ հանդիպումներով, տեղի կունենան վարպետության բաց դասեր ուսանողների և կինոյի սիրահարների համար:
Փառատոնի օրերին կանցկացվեն արդեն ավանդական դարձած «Ռեժիսորներ առանց սահմանների» և «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» համատեղ արտադրության ֆորում-դասընթացները, որոնք կարևոր խթան են հանդիսանում տարածաշրջանային կինոինդուստրիայի զարգացման համար:
Մինչև փառատոնի մեկնարկը, միջազգային ճանաչում ունեցող մասնագետների կողմից նախատեսվում է իրականացնել դասընթաց` «Կինոլրագրություն առանց սահմանների» խորագրով: Եռօրյա վերապատրաստում անցած կինոլրագրողները կներգրավվեն փառատոնի օրերին լույս տեսնող «Ոսկե ծիրան» օրաթերթի խմբագրակազմում:
Ս. թ. մայիսի 6-ին, ժամը 12:00-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 11-րդ կինոփառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառտոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»