211652_close_icon
views-count1788 դիտում article-date 21:15 11-05-2014

Ծառահատումներ Իջևանում. ծառերը հատվել են քաղաքապետի ռեստորանի՞ համար. տեսանյութ

Բնության պահապան կեղծանունով յութուբյան օգտատերը տեսանյութ էր հրապարակել Իջևանում ծառահատումների մասին: Տեսանյութում նշված էր, թե դրանք քաղաքապետի սեփական ռեստորանի զարդարմանն են ծառայելու: Խոսքն անկախության փողոցին հարող այս եղևնիների մասին էր: Երեք եղևնիներն, իջևանցիների խոսքով, կտրել են սանիտարական նպատակով: Քաղաքապետ Վարդան Ղալումյանը վրդովված է: Նրա խոսքով` ծերացած ու վտանգավոր դարձած ծառերը հատելը վարկաբեկող լույսի տակ ներկայացնելը նախկին քաղաքապետի ձեռքի գործն է: Նկարահանել է հենց նրա բարեկամը: Քաղաքապետը զարմանում է` այդ ինչպես եղավ, որ անցած տարի ամենականաչապատ քաղաքների ցանկում հայտնված Իջևանը հանկարծ ծառահատումների կենտրոն դարձավ: Եղևնիների նախկին տեսքը լուսանկարներով է ցույց տալիս: Դրանք ճահճի վրա էին աճում և քամուց 45 աստիճան թեքվել էին: Ռեստորան ունի՞. թե` ոչ: Հարցին ի պատասխան Ղալումյանը նշում է` հողատարածքը, որի վրա գտնվող ռեստորանն իրեն են վերագրում, վաղուց իրեն չի պատկանում: 2011-ի դեկտեմբերից պաշտոնավարող Ղալումյանը անձամբ է գալիս ցույց տալու քաղաքի կանաչապատման աշխատանքները: 2 ու կես տարվա ընթացքում քաղաքում 12 հազար վարդ է տնկել, 600 թուփ, 1500 ծառ ու 10 հազար ծաղիկ: Անգամ 45 արմավենի է տնկել զբոսայգիներում, որոնք այստեղի կլիմային լավ հարմարվում են: Իջևանցի երեխաներն այսօր խաղահրապարակի կարիք ունեն: Շենքերի բակերը հիմնականում ավտոտնակներով են պատված: Առայժմ փոքրիկների ժամանցի հիմնական վայրը քաղաքային զբոսայգում տեղադրված խաղահրապարակն է: Ղալումյանը նշում է` ինչպես ընտանիքում, այնպես էլ քաղաքում գումարն ու բյուջեն երբեք շատ չի լինում: Բայց հույս ունի, որ մտածված օգտագործելու դեպքում բոլոր խնդիրներն էլ հաջորդաբար լուծում կստանան: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27663]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր