211652_close_icon
views-count2281 դիտում article-date 17:39 23-05-2014

ՀՀ Առողջապահության նախարարը մասնակցել է Պուշկինի անվան դպրոցում անցկացված Վերջին զանգի միջոցառմանը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում մասնակցեց «Վերջին զանգի» միջոցառմանը: «Սիրելի ուսուցիչներ, սիրելի շրջանավարտներ, անչափ սիրելի առաջին դասարանացիներ, թույլ տվեք կթական մայր օջախում` Պուշկինի անվան դպրոցում ողջունել բոլորիդ և հույս հայտնել, որ երկար տարիներ, տարբեր սերունդներ իրավունք կունենան գալ և ձեզ ներկայանալով ասել. «Այո, ես ավարտել եմ այս դպրոցը և իմ հիմնական կրթական հաջողությունները սկսվել են հենց այստեղից»,- ընդգծեց Մուրադյանը: Հուզմունքով վերհիշելով բազմաթիվ իր ուսուցիչներին` նա իր խորը երախտագիտությունը հայտնեց կրթօջախի հանդեպ։ Նախարարը հույս հայտնեց, որ այս դպրոցի շրջանավարտները ուր էլ լինեն, ինչ հաջողությունների էլ հասնեն չեն կորցնի մարդկային այն տեսակը, որի ձևովորման գործում իր մեծ ներդրումն ունի Պուշկինի անվան դպրոցը: «Անսպառ բարություն, հանդուրժողականություն եմ մաղթում: Եվ որպես բժիշկ ցանկանում եմ, որ լինենք նաև առողջ»,- ասաց Արմեն Մուրադյանը: Նա նաև պատմեց, որ հետագայում, բժշկության մեջ առաջին քայլերն անելիս, ավարտական դասարաններում ստիպված է եղել կրթություն ստանալ հեռակա ուսուցմամբ և միաժամանակ աշխատել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում` որպես սանիտար: «Հիշողությունները ոչ միայն շատ ջերմ են, այլև հուզիչ։ Այսօր այստեղ ներկա են նաև շրջանավարտների ծնողները, որոնցից շատերը ճանաչված մարդիկ են: Այս դպրոցը իր պատմության մեջ բազմաթիվ սերունդներ է դաստիարակել և կրթել, ովքեր այսօր հաջողությամբ աշխատում են Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Այսպես ասած «պուշկինասֆերան», անշուշտ, իր ուրույն տեղն ունի մեր քաղաքում արժեքներ ձևավորելու գործում: Ես հպարտությամբ եմ հիշում իմ դպրոցը, դասարանցիներին, ուսուցիչներին։ Երբ դպրոց էի հաճախում, ուզում էի շուտ դուրս գալ, անգամ փախչել դասերից, բայց այսօր մի պահ ինձ բռնեցի այն մտքի վրա, որ այս շենքից դուրս գալ չեմ շտապում»,- հավելեց նախարարը: Նախարարը դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի, ինչպես նաև փոխտնօրեն Մարիետա Մատղաշյանի ուղեկցությամբ շրջեց դպրոցով` ծանոթացավ ժամանակակից տեխնիկայով հագեցած գրադարանին: Տոնական միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Նմանատիպ նյութեր