15807 դիտում
13:36 26-06-2014
Արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ Արագածոտնի մարզում. 3000-ից ավելի գյուղացիներ փակել են ճանապարհը. մարզպետն էլ չգիտի, ինչ անի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի ժամ է՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Արտենի համայնքում: Ինչպես նշված տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 3000-ից ավելի գյուղացիներ փակել են Արտենի-Արմավիր-Թալին-Գյումրի ավտոճանապարհը, քանի որ երեկ՝ հունիսի 25-ին, կարկտահարության հետևանքով գրեթե ամբողջովին վնասվել են գյուղացիների այգիները ու ցանքատարածությունները:
Այս պահին գյուղացիների հետ բանակցում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով գյուղացիներին ասում է, որ խնդրին ծանոթ է վարչապետը և մի քանի օրերի ընթացքում հարցը կլուծվի, սակայն մարզպետի խոսքը գյուղացիներին հավատ չի ներշնչում, քանի որ յուրաքանչյուր նման դեպքից հետո մարզպետը Brabus-ով ժամանում է, ու հայտնի ֆիլմի նման «դիփունքը խափում ին»:
Ժամանել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Թալինի ոստիկանության ծառայողները, ովքեր նույնպես համոզում են գյուղացիներին ճանապարհը բացել, սակայն դա նրանց նույնպես չի հաջողվում:
Արտենի համայնքն ունի 3800 բնակիչ և գրեթե բոլորն էլ տուժել են: Ի դեպ, գյուղն ունի խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիր, այդ հարցը գյուղացիներն մշտապես բարձրացնում են մարզպետի մոտ, ով միայն ասում է, թե հարցերը կլուծվեն:
Գյուղացիներն արդեն որոշել են ճանապարհը ժամանակավորապես բացել, քանի որ մարզպետը խոստացավ հարցը «տղավարի լուծել»: Եթե հարցը չլուծվի, այս անգամ նրանք փակելու են Արմավիր-Երևան-Թալին-Գյումրի ավտոճանապարհը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+