Վրաստանի նախագահին չեն հրավիրել խորհրդարանում վավերացվելիք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի արարողությանը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրավերք չի ստացել խորհրդարանից, որտեղ պատրաստվում են հուլիսի 18-ին վավերացնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայության ղեկավար Տինատին Մժավանաձեն:
Երեքշաբթի՝ հուլիսի 15-ին, խորհրդարանը արտահերթ նիստում արձանագրեց փաստաթուղթ, որը այս շաբաթվա վերջում քվեարկության կդրվի:
«Իսկ մինչ այդ մենք չգիտենք՝ արդյո՞ք նախագահը կմասնակցի խորհրդարանի նիստին: Համապատասխան հրավերք խորհրդարանից չի ստացվել»,-ասել է Մժավանիձեն:
Հուլիսի 18-ին Վրաստանի խորհրդարանի արտահերթ լիագումար նիստում ելույթով հանդես կգան այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և արտասահմանյան հյուրեր: Իսկ նախօրեին իշխող «Վրացական երազանք» դաշինքի անդամ, պատգամավոր, խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի անդամ Զաքարիա Կուցնաշվիլին հայտարարեց, որ նախագահը կարող է առանց հրավերքի էլ ներկա գտնվել խորհրդարանի նիստին:
«Գեորգի Մարգվելաշվիլին իրավունք ունի մասնակցելու ցանկացած նիստի, և այդ իրավունքին ոչ ոք չի կարող ընդդիմանալ: Դա նրա իրավունքն է»,-ասել է պատգամավորը: