11959 դիտում
13:14 17-07-2014
Խոշոր ավտովթար Երևան-Իջևան ավտոճանապարհին. Mercedes-ը, 30 մետր թռչելով, հայտնվել է գետում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 DZ 396 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի 74 կմ հատվածում՝ դեպի Դիլիջանի թունել ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր կամրջի վրայով թռչելով՝ հայտնվել կամրջի տակով հոսող գետում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո գյուղացիներն ու ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի 16 շենքի բնակիչներ, 31-ամյա Կարո Շխյանին և 49-ամյա Կարապետ Վարդանյանին: Վերջիններիս օպերատիվորեն վթարի վայր ժամանած Սևանի հիվանդանոցի հերթապահ խումբը տեղափոխել է հիվանդանոց:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երկուսն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և լուսաբացին նրանց տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ, տեղում են եղել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Դավիթ Շահբազյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Կ. Վարդանյանն աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարությունում: Ոստիկանությունը պարզում է, թե վիրավորներից ով է եղել վարորդը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հավաքվածները նշում էին, որ նշված հատվածում երեկվանից Դիլիջանի թունելի կապիտալ վերանորոգման համար երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ինչի համար պատասխանատու կառույցները տեղադրել են նաև ցուցանակներ, սակայն որոշ վարորդներ չիմացության պատճառով մեծ արագությամբ են այս ճանապարհով ընթանում, չեն կարողանում արգելակել ավտոմեքենան, և տեղի է ունենում վթարը: «Միայն երեկ ճանապարհը փակելուց հետո արդեն 6 վթարի ենք ականատես եղել»,-ասում էին գյուղացիները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+