211652_close_icon
views-count1050 դիտում article-date 17:21 25-07-2014

Գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզի ջերմոցային տնտեսություններ և հետևել հացահատիկի բերքահավաքին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Կոտայքի մարզ սկսվել է Ձորաղբյուր համայնքում գտնվող «Բիո Գրուպ» ՍՊԸ-ից: Նախորդ տարում գործարկված` հոլանդական ժամանակակից սարքավորումներ և 1,8 հեկտար տարածք ունեցող ջերմոցային այս տնտեսությունում հիդրոպոնիկ եղանակով արտադրվում է լոլիկ, որը մեծ պահանջարկ ունի շուկայում: Նախարարը մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է լոլիկի մշակության պայմաններին, ինչպես նաև արտադրության ընդլանման համար իրականացվող աշխատանքներին: Ներկայումս այստեղ մշտական աշխատանք ունի 26 անձ, որոնց թիվն ընկերության ընդլայնումից հետո զգալիորոեն կավելանա: Տեղեկացնելով նախարարին, որ առայժմ ընկերության արտադրանքն իրացվում է միայն տեղական շուկայում, ջերմոցային տնտեսության տնօրեն Գուրգեն Թորգոմյանը նշեց, որ արտադրանքի ծավալների ընդլայնումից հետո ընկերությունը մտադիր է սկսել նաև արտահանման գործընթացը և արդեն կան համապատասխան պայմանավորվածություններ: Այնուհետև նախարարը ծանոթացավ Ձորաղբյուր համայնքի հացահատիկի բերքահավաքի ընթացքին: Ընդհանուր առմամբ, այս տարի Կոտայքի մարզում մշակովի ցանքատարածություններն ավելացել են 500 հեկտարով, իսկ Ձորաղբյուր համայքնում ընթացիկ տարում կատարվել է 140 հեկտար հացահատիկային մշակաբույսերի ցանք, որից գարնանացան գարի` 110 հեկտար, գարնանացան ցորեն` 30 հեկտար: Այս տարի համայնքում արդեն արտադրվել է 308 տոննա հացահատիկ, միջին բերքատվությունը հեկտարից կազմում է 30 ցենտներ: Գյուղատնտեսական աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար Ձորաղբյուր համայնքին պետական աջակցության ծրագրի շրջանակներում հատկացվել է սերմացու, պարարտանյութ և դիզելային վառելանյութ: Սերգո Կարապետյանը զրուցեց նաև գյուղացիների հետ, որոնք իրենց գոհունակությունը հայտնեցին այս տարվա բերքի որակից: Հանդիպման ընթացքում նախարարը հանձնարարեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հաշվարկել և Գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել այս տարվա աշնանացան ցորենի, եկող տարվա գարնանացան գարու սերմացուների, պարարտանյութի և դիզելային վառելանյութի ողջ պահանջարկը` պետական աջակցության ծրագրերի շրջանակներում այն լիովին բավարարելու համար: Այցի վերջին կանգառը Գողթ համայնքում էր, որտեղ նախարարը ծանոթացավ «Էկոտոմատո» ՓԲԸ գործունեության հետ: 8 հեկտարի վրա վարդերի աճեցման ջերմոցային այս տնտեսությունն իր արտադրանքով միակն է, որտեղ ներդրված են հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաները: Ընկերության տնօրեն Արսեն Սանդոյանի խոսքերով` ներկայումս ընկերությունում ներգրավված է 75 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը կազմում է 120 հազար դրամ: Նա նաև տեղեկացրեց, որ այսօր «Էկոտոմատո» ՓԲԸ-ում աճեցվող բազմապիսի վարդերի շուրջ 75%-ը արտահանվում է:

Նմանատիպ նյութեր