211652_close_icon
views-count1022 դիտում article-date 19:20 30-07-2014

Մայրաքաղաքի մշակութային օջախների նկատմամբ քաղաքապետարանի ուշադրությունը լինելու է շարունակական

Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել և հետևել է Նուբարաշենի կենտրոնացված գրադարանային համալիրում իրականացվող հիմնանորոգման ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և կավարտվեն նախատեսված ժամկետում: Օգտվելով առիթից՝ գրադարանի տնօրենը ողջ կոլեկտիվի անունից իր երախտագիտությունն է հայտնել քաղաքապետին՝ մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար, հատկանշելով, որ այն մեծապես նպաստում է մատաղ սերնդի շրջանում ընթերցասիրության խթանմանը: Ու հատկապես հաշվի առնելով, որ Նուբարաշենը մայրաքաղաքի ծայրամասային վարչական շրջաններից է, գրադարանի տնօրենը նաև համոզմունք է հայտնել, որ շենքի հիմնանորոգումը իսկապես լուրջ դերակատարում կունենա նոր ընթերցասերներ ներգրավելու գործում, բացի այդ, նաև հնարավորություն կընձեռի գրադարանում առկա շուրջ 28000 կտոր գրականությունն առավել պատշաճ պայմաններում պահպանելու, ինչպես նաև նոր համալրումները տեղավորելու համար: Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ գրադարանների հիմնանորոգման ծրագիրը լինելու է շարունակական՝ նպատակ ունենալով մի քանի տարի անց մայրաքաղաքում այլևս չունենալ չնորոգված գրադարան: Քաղաքապետն այցելել է նաև Նուբարաշենի երաժշտական դպրոց, որն, ի դեպ, միակն է վարչական շրջանում: Մշակութային այս կրթօջախը ևս ընդգրկված է Երևանի 2014 թվականի հիմնանորոգման ծրագրերում: Պատասխանատուները տեղում զեկուցել են, որ ծրագրի իրականացումից հետո դպրոց հաճախող սաների համար կապահովվեն հարմարավետ պայմաններ: Զրուցելով դպրոցի տնօրենի և աշխատակիցների հետ՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքի մշակութային կրթօջախների նկատմամբ քաղաքապետարանի ուշադրությունը լինելու է շարունակական և հետևողականորեն իրականացվելու են դրանց պայմանների բարելավմանն ուղղված ծրագրեր: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր