211652_close_icon
views-count1371 դիտում article-date 15:54 14-08-2014

Կառավարությունը կյանքի է կոչում արտահանումը խթանելու քաղաքականությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը փոխանցում է, որ ՀՀ կառավարությունը «Ռոյալ-Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ի կողմից երեք հայտարարագրով ներմուծված և չվերաարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել է համապատասխանաբար մինչև 2015թ. մարտի 13-ը, մարտի 26-ը և մայիսի 29-ը: Ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր արտադրանք՝ 3-ը 1-ում լուծվող սուրճ, որը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում, Ուկրաինայում և Վրաստանում: Կազմակերպությունը կատարել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Կառուցվել է նոր արտադրամաս, հոսքագծերի մի մասը ներմուծվել է Եվրոպայից, մյուս մասը պետք է ներմուծվի սեպտեմբերին: Հաստոցների ուշացման պատճառով ընկերությունը չի հասցնի վերամշակել և ամբողջությամբ արտահանել ժամանակավոր ներմուծված հումքը, ուստի անհրաժեշտություն է առաջացել մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել վեց ամսով: Հաջորդ որոշմամբ գործադիրը մինչև 2016թ. նոյեմբերի 10-ը երկարացրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Ինստիտուտը և Թայվանի Սինիկա ակադեմիան 2011թ. ստորագրել են Կովկասի տարածաշրջանում երկրաբանության բնագավառում հետազոտություն կատարելու հուշագիր: 2013թ. Հայաստան է ներմուծվել GURALP մակնիշի սեյսմոմետրի հինգ հավաքածու: Ինստիտուտի բնականոն գործունեությունն ապահովելու համար սեյսմոմետրերի շահագործումն անհրաժեշտ է նաև ապագայում, ուստի ներմուծված սարքերի մաքսային ժամկետը երկարաձգվել է ևս երեք տարով: Կառավարությունը թույլատրել է «Արմենիա» հեռուստաընկերության կողմից ներմուծված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015թ. օգոստոսի 2-ը, ինչի շնորհիվ ընկերությունը կիրականացնի տեխնիկական բարձր որակ ապահովող հեռուստահեռարձակում: Նիստի օրակարգի հարցերից երկուսը վերաբերել են քաղաքացիական ավիացիայի հետագա զարգացմանը: Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում՝ կառավարությունը տարանջատել է ավիացիայի ոլորտի քաղաքականության մշակման, տեխնիկական կանոնակարգման և անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի գործառույթները, ինչը դրական ազդեցություն կունենա կարգավորիչ դաշտի նկատմամբ: Այս նպատակով նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվելու է կառուցվածքային նոր ստորաբաժանում: Ակնկալվում է, որ «բաց երկնքի» ազատականացված քաղաքականությամբ կկանոնակարգվեն պետական կառավարման մարմինների գործառույթները, որոնք կհանգեցնեն վստահության մեծացմանը և մրցունակ ու կայուն ավիափոխադրումների ապահովմանը:

Նմանատիպ նյութեր