1092 դիտում
17:22 05-09-2014
Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվեց «Էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագիրը
Սեպտեմբերի 5-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ստորագրվեց «Էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև:
Հայաստանի Հանրապետության անունից Վարկային համաձայնագիրը ստորագրեցին՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Ասիական զարգացման բանկի անունից` Ասիական զարգացման բանկի՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը:
Միաժամանակ ստորագրվեց նաև Էլեկտրահաղորդման ցանցի վերակառուցման Ծրագրի համաձայնագիրը՝ Ասիական զարգացման բանկի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության միջև:
Ասիական զարգացման բանկն «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» վարկային ծրագրի նպատակների համար նախատեսում է Հայաստանի Հանրապետությանը (Վարկառու) տրամադրել շուրջ 37 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ (25 տարի մարման ժամկետով, ներառյալ 5 տարի արտոնյալ ժամկետով, տոկոսադրույքը` տարեկան 2%):
Ծրագիրն իրականացվելու է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից: Վարկային ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետության էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել վերահսկման և տվյալների ձեռքբերման SCADA և էներգիայի կառավարման համակարգերը, ինչպես նաև վերակառուցել 220 կՎ «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանները:
Համակարգում արդեն իսկ ներդրված SCADA համակարգը լիարժեք գործող ու արդյունավետ դարձնելու նպատակով նախատեսվում է լրացուցիչ տեղադրել շուրջ
200 կմ օպտիկամանրաթելքային մալուխ, զգալիորեն ավելացնել SCADA համակարգից օգտվողների քանակը, արդիականացնել գոյություն ունեցող ծրագրային փաթեթը և ստեղծել հարևան երկրների SCADA համակարգերի հետ տվյալների միջսերվերային փոխանակման հնարավորություն:
Նախորդ տարիների ընթացքում «Շինուհայր» 220 կՎ ենթակայանը մասնակիորեն վերակառուցվել է, ենթակայանում փոխարինվել են 220 կՎ լարման առաջնային սարքավորումները: Տվյալ ծրագրի շրջանակներում կփոխարինվեն երկրորդային շղթաները, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի հնացած սարքվածքները, որոնք այլևս չեն բավարարում հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի հաղորդման պահանջները:
«Ագարակ-2» ենթակայանում, որն անմիջականորեն կապված է իրանական
230 կՎ լարման ցանցի հետ, նախատեսվում է տեղադրել լրացուցիչ 220/110 կՎ ավտոտրանսֆորմատոր, որն էներգահամակարգի տվյալ հատվածում կապ կստեղծի 220 և 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի միջև և հնարավորություն կտա
110 կՎ «Ագարակ-1» ենթակայանից սնվող սպառողներին ապահովել էլեկտրաէներգիայի պահուստային սնուցմամբ:
Նախատեսվում է ծրագիրն ավարտել 2019 թվականին:
Նմանատիպ նյութեր
1213 դիտում
16:15 08-04-2015
Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել են վարկային համաձայնագրեր
Այս բաժնից
745 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
769 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»