211652_close_icon
views-count1057 դիտում article-date 21:20 25-09-2014

Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Կոստա Ռիկայի նախագահին

Սեպտեմբերի 19-ին Կոստա Ռիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն (նստավայրը` Մեխիկո) իր հավատարմագրերը հանձնեց Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիսին: Հավատարմագրերի հանձման արարողության ավարտին տեղի ունեցավ առանձնազրույց, որի ընթացքում դեսպան Հովհաննիսյանը Կոստա Ռիկայի նախագահին և ժողովրդին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: Իր հերթին Նախագահ Սոլիսը, գոհունակություն հայտնելով Կոստա Ռիկայում առաջին անգամ Հայաստանի դեսպանի հավատարմագրման փաստի վերաբերյալ, դեսպան Հովհաննիսյանին մաղթեց հաջողություն առաջիկա աշխատանքներում և հույս հայտնեց, որ այն խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև փոխգործակցության հեռանկարները, մասնավորապես՝ տնտեսական, գիտակրթական և մշակութային բնագավառներում: Նախօրեին դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերի պատճենները հանձնեց Կոստա Ռիկայի Արտաքին գործերի և պաշտամունքի նախարարի տեղակալ Ալեխանդրո Սոլանո Օրտիսին: Արարողությունից հետո տեղի ունեցած հանդիպման ընթացքում փոխնախարարը ընդգծեց, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` 2012թ. աշնանը կայացած այցը և երկու երկրների արտգործնախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք հաղորդեցին երկկողմ հարաբերություններին:

Նմանատիպ նյութեր