Վերջին 40 տարում անհետացել է վայրի կենդանիների կեսից ավելին. զեկույց
1970 թվականից սկսած՝ աշխարհում անհետացել է վայրի կենդանիների կեսից ավելին: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) «Կենդանի մոլորակ» զեկույցը:
Զեկույցի համաձայն՝ վերջին 40 տարում կաթնասունների, թռչունների, սողունների, երկկենցաղների ու ձկների թիվը կրճատվել է միջին հաշվով 52 տոկոսով: Ընդ որում, քաղցրահամ ջրերում բնակվող կենդանատեսակների պարագայում այդ ցուցանիշը կազմում է 76 տոկոս (աղբն ու արտադրական թափոնները վերջին հաշվով մեծապես վնասում են գետերն ու լճերը):
Որպես կենդանիների կրճատման պատճառ է նշվում մարդու գործունեությունը՝ առաջին հերթին որսը, որսագողությունը, անտառահատումները, շրջակա միջավայրի ոչնչացումը: Ամենավատ իրավիճակը տիրում է զարգացող երկրներում: Օրինակ, 40 տարում Լատինական Ամերիկայում անհետացել է կենդանիների 84 տոկոսը: