Չեչեն նորակոչիկների առաջին խմբաքանակը ՌԴ ՊՆ-ի զորամասեր կուղարկվի հոկտեմբերի սկզբին
Առնվազն 500 չեչեն նորակոչիկների հոկտեմբերին զինծառայության համար կուղարկեն ռուսական բանակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը: Զինկոմիսարիատների աշխատակիցներն ընդգծել են չեչեն նորակոչիկների պրոֆեսիոնալ պատրաստության բարձր մակարդակը:
Թեկնածուների ավելի քան 35 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, 24 տոկոսը՝ միջնակարգ և հատուկ կրթություն: Բացի այդ, նորակոչիկների մեկ քառորդն ունի C կատեգորիայի վարորդական վկայական: Չեչեն նորակոչիկների առաջին խմբաքանակը ՌԴ ՊՆ-ի զորամասեր կուղարկվի հոկտեմբերի առաջին տասնօրյակին:
Չեչեններին ռուսական բանակ զորակոչելը դադարեցրել են 1990-ական թվականներին: 2000 թվականին զորակոչը վերականգնվել է, սակայն վերստին դադարեցվել է 5 տարի անց: Ռուսաստանի պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն սրանից առաջ համաձայնվել էր այս տարի Չեչնիայում զորակոչը վերսկսելուն: