211652_close_icon
views-count1828 դիտում article-date 12:49 02-10-2014

ԵԽԽՎ-ի ընդունած կոշտ բանաձևն առաջացրել է Վրաստանի իշխանությունների մեծ դժգոհությունը

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Վրաստանի Քաղաքացիական ինտեգրման և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիայի կարծիքով՝ հոկտեմբերի 1-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևը Վրաստանի վերաբերյալ չափազանց կոշտ է և դրա անմիջական հաստատումը Վրաստանի դատական համակարգի վրա ճնշում գործադրելն է: Բեսելիան, ով ընդգրկված էր ԵԽԽՎ-ում Վրաստանի պատվիրակության կազմում, բողոքարկել է այդ բանաձևը՝ ընդգծելով, որ ներկայիս Վրաստանի իշխանությունների առաջնահերթությունը իր բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է և հավաստիացրել, որ, ի տարբերություն նախկին իշխանությունների, ներկայիս իշխանությունները քաղաքական դրդապատճառներով հետապնդումներ չեն իրականացնում: Անդրադառնալով Սաակաշվիլիի և Ախալայայի գործերին՝ Բեսելիան նշել է, որ նրանց դեմ հարուցվել են քրեական գործեր մարդկանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու համար: «Մենք իրավունք չունենք օրենքից վեր դասել Սաակաշվիլիին կամ Ախալայային»,-պարզաբանել է Բեսելիան: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևում որպես բացասական դրվագներ նշված են եղել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա ընտանիքի ունեցվածքի վրա դրված կալանքը, ինչպես նաև Բաչո Ախալայայի նախնական կալանքի ժամկետի երկարաձգումը: Դժգոհություն է առաջացրել նաև այն հանգամանքը, որ փաստաթղթում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին անվանել են «Վրաստանի ոչ պաշտոնական ղեկավար»:

Նմանատիպ նյութեր