211652_close_icon
views-count1063 դիտում article-date 19:16 14-10-2014

Մեկնարկել է «Կոլումբոս» ծրագրի երրորդ փուլը

Համաշխարհային մաքսային կազմակերպության «Կոլումբոս» ծրագրի շրջանակներում 10-օրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՀՄԿ փորձագիտական խումբը: Հոկտեմբերի 14-ից սկսվում են ծրագրի երրորդ` գնահատման փուլի աշխատանքները: Պատվիրակության նպատակն է արձանագրել եւ գնահատել վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ մաքսային համակարգում իրականացված բարեփոխումների արդյունավետության մակարդակը: «Կոլումբոս» ծրագրի առաջին փուլը` դիագնոստիկ առաքելությունը, Հայաստանում իրականացվել է 2009 թվականի հունվարի 19-30-ը, որի ընթացքում ՀՄԿ փորձագետներն ուսումնասիրել են ՀՀ մաքսային համակարգը` գնահատելով բարեփոխման եւ կատարելագործման հնարավորությունները: Արդյունքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ: 2009 թվականի հունիսի 15-20-ին` ծրագրի երկրորդ փուլի ընթացքում, ՀՄԿ փորձագետների աջակցությամբ կազմվել է ՀՀ մաքսային ռազմավարական գործողությունների հստակ ծրագիր: Ի դեպ, «Կոլումբոս» ծրագրի շրջանակում կատարված անհրաժեշտ բարեփոխումների շնորհիվ 2012 թվականից Հայաստանն անդամակցում է «Մաքսային ընթացակարգերի պարզեցման եւ ներդաշնակեցման մասին» Կիոտոյի կոնվենցիային: Նշենք, որ Համաշխարհային մաքսային կազմակերպությունը «Կոլումբոս» ծրագիրն իրականացնում է 2006 թվականի հունվարի 1-ից, որի նպատակն է աջակցել ՀՄԿ անդամ պետություններին Համաշխարհային առեւտրի անվտանգության եւ պարզեցման չափանիշների ներդրման հարցում: ՀՄԿ 174 անդամ պետություններից 100-ից ավելի երկրների մաքսային ծառայություններ այս ծրագրի շահառուներ են:

Նմանատիպ նյութեր